Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծնողական համայնքի իրազեկման բարձրացմանն ուղղված դասընթացները շարունակվում են։
2025թ. փետրվար-մարտ ամիսներին «ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ» թեմայով դասընթացներ են իրականացվել Վանաձորի թիվ 31, Սիսիանի թիվ 2 և Չարենցավանի «Հրաշք» մանկապարտեզներում:
Դասընթացավարն էր ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հատուկ մանկավարժ Լյուդմիլա Գարեգինյանը։ Դասընթացներին մասնակցում էին շուրջ 70 ծնողներ և ՆՈՒՀ-երի աշխատակազմերի ներկայացուցիչներ։
Դասընթացի նպատակն էր ծնողներին մասնագիտական աջակցություն տրամադրել երեխաների զարգացման, դաստիարակության, ուսման, հուզական առաջընթացի և դժվարությունների հաղթահարման հարցերի վերաբերյալ։
Դասընթացների ընթացքում ծնողները
- ✦ ծանոթացան հատուկ մանկավարժի հիմնական գործառույթներին, ծնողի և հատուկ մանկավարժի համագործակցության ձևերին,
- ✦ տեղեկատվություն ստացան խմբային պարապմունքների մասին,
- ✦ ձեռք բերեցին հմտություններ իրենց երեխաների ուժեղ կողմերը բացահայտելու և դրանց հիման վրա նրանց կարիքներին համապատասխան նոր կարողություններ ձևավորելու ուղղությամբ:
Հանդիպումները շարունակական են՝ միտված այս ուղղությամբ ծնողների գիտելիքների ընդլայնմանը և երեխաների հոգեկան զարգացմանը։
28.04.2025