ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
2025թ․ մայիսի 16-ին իրականացվեց «ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՆՇԱՆՆԵՐԸ» թեմայով առցանց դասընթաց ծնողների համար։
Դասընթացը վարում էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Մուրադյանը։
Դասընթացի հիմնական նպատակն էր իրազեկել ծնողներին տեսողական խնդիրների առկայության մասին ահազանգող նշանների վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան ժամանակին ճանաչել իրենց երեխաների տեսողության խնդիրները, ճիշտ արձագանքել դրանց և ապահովել մասնագիտական միջամտություն՝ ըստ անհրաժեշտության։
Դասընթացի ընթացքում շեշտադրվեց տեսողական խնդիրների վաղ հայտնաբերման կարևորությունը երեխայի ընդհանուր զարգացման, ուսման և սոցիալական ներգրավվածության ապահովման գործում։ Քննարկվող հիմնական թեմաներն առնչվում էին մի քանի ոլորտների․
- ✦ երեխաների տեսողության զարգացումն ըստ տարիքային փուլերի՝ նորածիններ, նախադպրոցականներ, դպրոցահասակ երեխաներ,
- ✦ բնականոն և անհանգստացնող զարգացումների տարբերությունները,
- ✦ տեսողության խնդիրների մասին նախազգուշացնող ընդհանուր նշանները (օրինակ՝ աչքերը հաճախակի տրորելը, կկոցելը, առարկան մոտիկից դիտելու անհրաժեշտությունը), ինչպես նաև դպրոցում ի հայտ եկող խնդիրները՝ գրքում կամ գրատախտակին գրվածը շատ մոտ տարածությունից դիտելը,
- ✦ տեսողության խնդիրների հնարավոր ազդեցությունը երեխաների ակադեմիական առաջադիմության, վարքային և հոգեբանական դրսևորումների, սոցիալական ներառվածության վրա։
Առաջարկվեցին նաև տնային պայմաններում ծնողների կողմից կիրառվող դիտարկման ու աջակցման եղանակներ, օգտակար գործիքներ ու մեթոդներ, որոնք կօգնեն վաղ տարիքում նկատել փոփոխությունները, ինչպես նաև ճիշտ զրույց վարել երեխայի հետ՝ խնդիրները հասկանալու և աջակցելու նպատակով։
Հետևեք մեր էջին՝ «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայով վերապատրաստման դասընթացների շրջանակներում իրականացվող հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
19.05.2025