2025թ․ մայիսի 30-ին Գյումրիում անցկացվեց «ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՍԱՆԵԼԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» խորագրով մանկավարժական աշխատաժողովը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը։
Աշխատաժողովն ուղղված էր համընդհանուր ներառականության առանցքային հիմնահարցերին, նրա լիարժեք կայացման համար անհրաժեշտ նորարարական մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, այս ուղղությամբ մարտահրավերների ու դրանց դիմակայելու մեխանիզմների քննարկմանը։
Աշխատաժողովին ներկա էին ավելի քան 200 մասնակիցներ՝ կրթության ոլորտի առաջատար մասնագետներ, ուսումնական հաստատությունների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ։
Զեկույցների ընթացքում վեր հանվեցին ոլորտի առաջնահերթությունները, որոնք վերաբերում էին կրթության ներառականությանը նպաստող գործիքների ու տեխնոլոգիաների ներդրմանը, աջակցող ծառայությունների արդյունավետ համակարգերին և մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Մասնակիցները խոսեցին ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ հիմնված նոր տեխնոլոգիաների կիրառման, դասավանդման ժամանակակից մոդելների, համատեղ լուծումների և նորարարական մոտեցումների վրա։
Աշխատաժողովին որպես խոսնակներ զեկույցներով հանդես եկան նաև ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, Գնահատման բաժնի ղեկավար Լիանա Մարգարյանը, Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի ղեկավար Անի Գարեգինյանը։
Աշխատաժողովն ուղեկցվում էր արդիական թեմաների և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ՝ ապահովելով արդյունավետ և դրական մթնոլորտ, հարթակ ստեղծելով համագործակցության նոր հնարավորությունների համար։
Կրթությունը հասանելի դարձնելու բանաձևը բոլոր օղակների միասնական աշխատանքի արդյունքում է ձևավորվում։
03.06.2025