ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) հիմնադրամի, Խ․Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան-ի համագործակցությամբ 2024թ․ հունիսի 1-ին անցկացվեց «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ» խորագրով առաջին ուսուցչական համաժողովը, որին մասնակցում էին հանրապետության 46 դպրոցների ավելի քան 600 ուսուցիչներ։
Համաժողովի նպատակն էր նպաստել կրթության որակի բարելավմանը, արդիականացմանն ու կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը՝ որպես պետության զարգացման կարևորագույն գործոնի, ինչպես նաև տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Ողջունելով ներկաներին՝ Ժ․Անդրեասյանն անդրադարձավ ուսուցիչների աննախադեպ ակտիվ մասնակցությանը՝ փաստելով նմանատիպ համաժողովների անցկացման անհրաժեշտությունը։ Նախարարը նշեց, որ կրթական համակարգը պետության զարգացման անկյունաքարերից է, բայց անհրաժեշտ է լիարժեք հասկանալ ու պատկերացնել, թե ինչպես պետք է դպրոցը նպաստի պետության զարգացմանը։ Նա կարևորեց երեխաների մոտ իրավագիտակցության և արժեքային այնպիսի դիրքորոշման ձևավորումը, որը նրանց հնարավորություն կտա բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել։
Համաժողովի պլենար նիստին ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։
Ա․ Սվաջյանն անդրադարձավ Հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում իրականացվող փոփոխություններին՝ շեշտելով գիտելիքահեն կրթությունից կարողունակահեն կրթության անցման կարևորությունն ու դրա իրականացման ընթացակարգերը, ներկայացրեց հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ուսումնական տարում գրանցած արդյունքները, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելուն, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով ուսուցիչների միջև հաղորդակցման խթանմանը միտված միջոցառումները:
Այնուհետև համաժողովի մասնակիցներն աշխատանքները շարունակեցին 4 թեմատիկ ուղղություններով, որոնց ընթացքում շուրջ 60 խոսնակներ զեկույցներ ներկայացրին նշված թեմաների վերաբերյալ․
- ✦ Ազգային դպրոցը՝ կրթության և մշակույթի օջախ
- ✦ Կրթության դերը պետության զարգացման գործում
- ✦ Կարողունակահեն կրթությունը՝ որպես քաղաքացիական հասարակության զարգացման խթան
- ✦ Կրթությունը թվային հասարակությունում. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։
Համաժողովն ամփոփվեց կլոր սեղան քննարկումներով, որոնց թեմաներն էին՝
- ✦ Վերջնարդյունքների վրա հիմնված ուսումնառության հաջողված փորձի ներկայացում։ Նախագծային ուսուցում, նոր մեթոդներ, մոտեցումներ
- ✦ Գնահատումը՝ որպես սովորողների ուսումնառությունը խթանող միջոց
- ✦ Սովորողի նախասիրությունների և ուսումնառության աջակցության կազմակերպման հնարավորություն․ երկարօրյա, խմբակ։
Ուսուցիչների հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին՝ ուսուցչի օրվան ընդառաջ և նվիրված կլինի մանկավարժության մեթոդների քննարկմանը:
03.06.2024