ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՅՈՒՆԻՍԵՖ — Հայաստանի (UNICEF Armenia) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում «Դպրոցներում 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների համար հատուկ մանկավարժական ծառայությունների ներդրումը» պիլոտային ծրագրի իրականացման նպատակով 2024թ․ հունիսի 5-ին աշխատանքային այցով ՀՄԿ-ում էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչը, Իրենա Պերիչը և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Զարուհի Հարությունյանը։
ՀՄԿ փորձագետների խմբի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացմանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր, հստակեցվեցին առաջիկա անելիքները և գործողությունների իրականացման կարգն ու հաջորդականությունը։
Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում ծրագրում ներգրավված 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների ծնողների հետ։ Մասնակիցները ծանոթացան պիլոտային ծրագրին, նրա իրականացման ընթացակարգերին, խոսեցին երեխաների առանձնահատկությունների, դրանցով պայմանավորված աջակցման աշխատանքների յուրահատկությունների մասին, քննարկեցին ծրագրով նախատեսվող գործընթացները, ակնկալվող արդյունքները, ապա փորձագետները պատասխանեցին ծնողներին հետաքրքրող հարցերին։
Իրականացվեց նաև «Դասի կազմակերպում և հարմարեցումներ» թեմայով սեմինար ծրագրում ներգրավված մասնագետների համար, որի ընթացքում սեմինարի մասնակիցները համալրեցին իրենց գիտելիքները։
Եռօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ նաև սովորողների ծնողների հետ, ուսումնական ծրագրի ներկայացում աշակերտների համար, ինչպես նաև այցելություն դպրոցներ։
05.06.2024