2024 թ․ հունիսի 4-ին տեղի ունեցավ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ շարքի այս փուլի ամփոփիչ հանդիպումը։
Մասնակիցներին ողջունեց ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Նա խոսեց դրական ծնողավարման վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման, դրանցով կիսվելու, ծնողավարման փորձի փոխանակման կարևորության մասին՝ վստահություն հայտնելով դասընթացի արդյունավետության առնչությամբ։
Դասընթացները միտված էին դրական ծնողավարության մասին գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը և զարգացմանը, դրական ծնողավարման փորձի փոխանակմանը, փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, ծնողական համայնքի հետ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև օգնելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին հաղթահարել իրենց առջև ծառացած խնդիրներն ու դժվարությունները, համատեղ մշակելու արդյունավետ մեխանիզմներ, որոնք կնպաստեն դպրոցներում բռնության դեպքերը նվազեցնելուն և կրթության ոլորտում հաջողություններ արձանագրելուն։
Դասընթացավարներն էին ՀՄԿ մասնագետ Մարինա Հովհաննիսյանը և հոգեբան Աննա Հովհաննիսյանը։ Դասընթացներին մասնակցում էին ծնողներ, որոնցից շատերը նաև տարբեր ուսումնական հաստատությունների մանկավարժներ և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներ էին։
Դասընթացներին մասնակիցները համատեղ քննարկեցին տարիքային տարբեր փուլերում երեխաների հետ կոնֆլիկտային իրավիճակների և հարաբերությունների հաղթահարման մեխանիզմներին ու եղանակներին, դրական ծնողավարության ձևերին, երեխաների հոգեկան առողջության վրա ծնողների միջանձնային հարաբերությունների ազդեցությանը, նրանց հոգեբանական անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Խոսեցին նաև դրական դաստիարակչական մեթոդների, երեխաների անցանկալի վարքը փոխելու արդյունավետ մեխանիզմների, պատժի ու խրախուսանքի, դրանց տարբեր ձևերի ու դրսևորումների պատճառահետևանքային կապերի, երեխայի սխալվելու հանգամանքների, այդ սխալներին ճիշտ ազդակելու ձևերի ու հնարավորությունների մասին՝ ընդգծելով երեխաների կողմից իրենց գործողությունների տրամաբանական հետևանքների գիտակցման, պատժի և տրամաբանական հետևանքների միջև տարբերությունների ընկալման, ինչպես նաև երեխաների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների ձևավորման կարևորությունը։
Ծնողներն ու երեխաների հետ աշխատող մասնագետները գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցին դրական ծնողավարման մեթոդների, ծնողների և երեխաների միջև հարաբերություններն ավելի ջերմ ու կառուցողական դարձնելու վերաբերյալ, փոխանակվեցին ծնողավարման իրենց փորձով՝ անկաշկանդ ու անմիջական մթնոլորտում վերլուծելով տարբեր իրավիճակները և համապատասխան եզրահանգումներ կատարելով։
Ամփոփիչ հանդիպմանը Լ․ Մնացականյանը պատասխանեց նաև ծնողներին ու մասնագետներին հետաքրքրող հարցերին, այնուհետև հավաստագրեր հանձնեց մասնակիցներին «Դրական ծնողավարման հմտություններ» դասընթացին ակտիվ մասնակցության համար:
ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ շարունակական են։ Հետևեք մեր էջին՝ դասընթացների հաջորդ փուլի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և մասնակիցը դառնալու համար։
05.06.2024