2024թ․ հունիսի 3-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ» միջոցառումը, որի շրջանակում Կենտրոնում էին հյուրընկալվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները տնօրեն Ա․ Տաշչյանի և ուսուցիչների ուղեկցությամբ։
Ողջունելով հյուրերին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը շնորհավորեց երեխաներին տոնական օրվա առթիվ՝ կարևորելով բոլոր երեխաների համար պաշտպանված և ապահով միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը և կրթության դերակատարումը երեխաների պաշտպանության հարցում։
Աշակերտները մանրամասնորեն ներկայացրեցին իրենց կատարած հետազոտական աշխատանքը․ ուսումնասիրելով ներառական կրթության, առհասարակ ներառականության վերաբերյալ առկա տեղեկատվությունը՝ նրանք հավաքագրել և մշտադիտարկել էին ոլորտի տեղեկատվական դաշտը, պատրաստել իրազեկող տեսանյութեր, որոնցում անդրադարձել էին ներառական կրթության կազմակերպման ընթացակարգերին և իրականացվող գործընթացներին։ Նրանք հանդես եկան հետաքրքիր և օգտակար դիտարկումներով, իսկ ՀՄԿ մասնագետները պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին։
Այնուհետև հյուրերը Կենտրոնի շահառուների հետ միասին դիտեցին ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի «ԱՐԵՎԱԼՈՒՍԻՆ» ներկայացումը, որը նրանց դրական ազդակներ փոխանցեց համատեղ պայքարելու, չընկճվելու, միմյանց օգնելու և նույնիսկ անհավանական ու անհասանելի թվացող նպատակներին հասնելու մասին։
Այդ դրական էներգիայով էլ երեխաները ուսուցիչների և ՀՄԿ թիմի հետ ավանդական հայկական շուրջպար բռնեցին՝ վերահաստատելով միասնության խորհուրդը։
Երեխաները միասին նկարեցին, կավով և գունավոր թղթերով պատրաստեցին ապլիկացիաներ՝ յուրահատուկ «Ընկերության ծաղկեփնջեր», որոնք փոխադարձաբար նվիրեցին միմյանց՝ որպես ընկերության խորհրդանիշ և լավ օրվա լավ հիշողություն։ Նրանք պայմանավորվեցին շարունակել ընկերությունը, ինչը փաստում է, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում նշվող Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումները արժևորվում են մի նոր համագործակցությամբ, խորհրդանշում մի նոր սկիզբ, որն իր տրամաբանական ընթացքի մեջ հանգում է երեխաների պաշտպանությանն առնչվող տարբեր խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը։
Օրը տոնական էր, հագեցած երեխաների անհոգ, ուրախ ճիչ ու ծիծաղով, բարձր տրամադրությամբ ու ջերմ ժպիտներով:
04.06.2024