2026 թ. նոյեմբերի 18-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ Կենտրոնի նոր հրատարակությունների ավանդական շնորհանդեսը, որը մեկտեղել էր կրթության ոլորտի ներկայացուցիչներին, մասնագետներին, գործընկերներին և ընթերցասերներին։
Միջոցառումը մեկնարկեց կրթական էքսպոյով, որի շրջանակում ներկայացվեցին ՀՄԿ-ի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից մշակված ուսումնամեթոդական ու մասնագիտական ձեռնարկները, աշխատանքային գիրք-տետրերը և աջակցող տեխնոլոգիաները։ Դրանք ուղղված են կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը, սովորողների կրթական կարիքներին համապատասխան աջակցությանը և կրթության որակի շարունակական բարելավմանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կրթության տեսչական մարմնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, հանրակրթական ուսումնական հաստատությունների, կրթական այլ կառույցների և գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ներկայացնելով 2025-2026 թվականներին Կենտրոնի մասնագետների մշակած 23 անուն աշխատանքային գիրք-տետրերը, ուսումնամեթոդական ձեռնարկներն ու ուղեցույցները, կարևորեց դրանց դերը կրթության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման, արդյունավետ մոտեցումների ձևավորման և կրթական գործընթացի կազմակերպման գործում։ «Այս ձեռնարկները աշխատանքային կարևոր գործիքներ են, որոնք կոչված են աջակցելու մասնագետներին, մանկավարժներին, ծնողներին և առհասարակ կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա աշխատանքը առավել նպատակային, համակարգված, հասանելի, մատչելի, կիրառական և մասնակցային կազմակերպելու համար»,- նշեց Լիլիթ Մնացականյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանն իր խոսքում ընդգծեց մշակված աշխատանքային գործիքների և ուսումնամեթոդական նյութերի գործնական կիրառելիությունը՝ կարևորելով դրանց արդյունքների գնահատումը, կատարված աշխատանքի հանրայնացումը և հասարակության իրազեկվածության բարձրացումը։
Այնուհետև հեղինակները ներկայացրին ձեռնարկների նպատակային ուղղվածությունն ու կիրառական նշանակությունը՝ անդրադառնալով դրանցում ներառված մեթոդական լուծումներին և գործնական աշխատանքի հնարավորություններին։
Տեսական գիտելիքը գործնական փորձի հետ համադրելու հնարավորություն ընձեռեց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի սովորողների մասնակցությամբ նկարահանված տեսանյութը, որի միջոցով մասնակիցները ծանոթացան հարմարեցված աշխատանքային գիրք-տետրերի և մեթոդական ուղեցույցների կիրառման հաջողված փորձին։
Առանձնահատուկ կարևորություն տրվեց նաև հրատարակությունների ստեղծման հիմքում ընկած թիմային աշխատանքին։ Ընդգծվեց, որ յուրաքանչյուր ձեռնարկի և մեթոդական նյութի մշակման գործում իր ներդրումն ունի ՀՄԿ տարբեր մասնագետներից ձևավորված ստեղծագործական խումբը, որի համատեղ աշխատանքն ապահովում է նյութերի բովանդակային և ձևավորման ամբողջականությունն ու արդիականությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2026 թվականը Ընթերցանության տարի հռչակելու շրջանակում միջոցառման առանձնահատուկ և ոգեշնչող դրվագներից էր Երևանի Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտների նախաձեռնությունը։ «Բացի՛ր գիրքը և բացահայտի՛ր քո աշխարհը» խորագրով յուրօրինակ ինտերակտիվ զրույցի ընթացքում պատանի ընթերցասերները ներկայացրին իրենց դիտարկումները ընթերցանության նշանակության, նպատակի և արդի մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև ներկաներին փոխանցեցին ընթերցանության մասին կարևոր խորհուրդներ։ Նրանց ուղերձը հստակ էր. «Մի՛ կարդա միայն այն բանի համար, որ հասնես վերջին էջին։ Ընթերցի՛ր այնպես, որ վերջին էջից հետո էլ շարունակես մտածել, և բացահայտի՛ր, որպեսզի ստեղծես քո սեփական աշխարհը»։
Միջոցառման շրջանակում արժևորվեց նաև դպրոցի ակտիվ մասնակցությունը 2026 թվականին Հայաստանում անցկացված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում կազմակերպված «ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ» ցուցահանդեսին։ Ցուցաբերած պատրաստակամության, արդյունավետ համագործակցության և ակտիվ մասնակցության համար ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը շնորհակալագիր հանձնեց Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցին՝ ի դեմս տնօրեն Նաիրա Ավետիսյանի։ Իսկ ցուցահանդեսի աշխատանքներին որպես կամավորներ ակտիվորեն մասնակցած և նախաձեռնողականություն ցուցաբերած աշակերտները ստացան հավաստագրեր։
Միջոցառման խորհրդանշական ավարտը դարձան ՀՄԿ-ի յուրահատուկ գրքի էջերում մասնակիցների թողած գրառումները։ Նրանք իրենց մտքերն ու ուղերձները փոխանցեցին ընթերցանության և ներառականության վերաբերյալ՝ յուրովի շարունակելով գրքի կարևոր գաղափարները և լրացնելով դրա բովանդակությունը սեփական դիտարկումներով։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակելու է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համահունչ բովանդակային, կիրառական և մասնագիտական նյութերի ստեղծման գործընթացը՝ նպաստելով կրթական միջավայրի զարգացմանը, մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և ներառական կրթության շարունակական բարելավմանը։
ՀՄԿ հրատարակությունների էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կենտրոնի պաշտոնական կայքում հետևյալ հղումով https://hmk.am/hratarakutyunner-hy/
Հրատարակությունները երաշխավորված են որպես ուսումնական նյութեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։
Կայքի նյութերն արտատպելիս կամ օգտագործելիս պարտադիր է հղում կատարել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պաշտոնական կայքին (www.hmk.am)։
24.11.2026

