Բնության պահպանումը սկսվում է կրթությունից, իսկ կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի։
2026թ․ հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը հյուրընկալում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ CBD COP17-ը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներին, համայնքներին և բնության պահպանությամբ մտահոգ մարդկանց։
Հոկտեմբերի 24-ին համաժողովի շրջանակում գործող Կանաչ գոտու՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տաղավարում ներկայացված էր նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը «ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ» խորագրով։
Աշխուժությունը մեծ էր մեր տաղավարում․ ՀՄԿ ներկայացուցիչները, որոնց միացել էին նաև Երևանի Ս․Սպանդարյանի անվ․ թիվ 24 հիմնական դպրոցի սովորողներն ու ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի մասնակիցները, այցելուներին ներկայացրին Կենտրոնի գործունեութունը, ՀՄԿ մասնագետների կողմից մշակված ուսումնամեթոդական նյութերն ու ձեռնարկները, Կենտրոնում իրականացվող կավաթերապիայի մասնակիցների կավե ստեղծագործությունները։ Հատուկ հետաքրքրություն առաջացրին կենսաբազմազանության, բնության երևույթների և սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ուղեցույցը և դիդակտիկ նյութերը, մասնավորապես՝ «Արագ արձագանքման պայուսակը», որը ներառում էր երկրաշարժի և այլ արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ առաջին անհրաժեշտության պարագաները։
Ընդգծվեց նաև նորագույն տեխնոլոգիաների դերը՝ բոլոր երեխաների մասնակցությունն ու ներգրավվածությունն ապահովելու, այդ թվում՝ կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքները հասանելի դարձնելու գործում։
Մեր տաղավարի այցելուները իրենց մտքերն ու ցանկությունները, անուններն ու կազմակերպությունների տվյալները գրեցին COP17 համաժողովի Հայաստանի խորհրդանիշ գունավոր Երևանյան կապտաթիթեռների վրա և փակցրին դրանք կենսաբազմազանության նպատակների գույներով ներկված գլոբուսին։ Արդյունքում ձևավորվեց բազմագույն Երկիր մոլորակի պատկեր՝ խորհրդանշելով միասնականությունը, բազմազանության արժևորումն ու ներառական աշխարհի գաղափարը, որտեղ յուրաքանչյուրն ունի իր տեղն ու կարևորությունը։
Օրը հագեցած էր հետաքրքիր հանդիպումներով և համագործակցության նոր հնարավորություններով՝ ևս մեկ անգամ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը բնության պահպանության գործում։
26.10.2026

