Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանումը և հոգեակտիվ նյութերի գործածման ռիսկերի նվազեցումը հռչակվել են պետական առաջնահերթություններ:
ՀՀ կառավարության 2025թ․ հունիսի 5-ի N 736-L որոշմամբ հաստատված՝ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի»՝ հանրակրթությանն առնչվող դրույթներով անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման դեպքում
հանրակրթական ուսումնական հաստատություններում տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների լավարկման շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի համագործակցությամբ մշակվել է «ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ»։
Ուղեցույցը նախատեսված է հոգեբանների, ուսուցիչների, վարքային մասնագետների, սոցիալական աշխատողների և երիտասարդների շրջանում հոգեակտիվ նյութերի գործածման կանխարգելման ոլորտում աշխատող մասնագետների համար։
Ուղեցույցի նպատակն է աջակցել հանրակրթական ուսումնական հաստատություններում թմրամիջոցներ գործածող կամ ռիսկային խմբերին պատկանող սովորողների հետ իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության աշխատանքների բարելավմանը՝ նպաստելով կանխարգելման արդյունավետ մեթոդների կիրառմանը, ռիսկերի վաղ բացահայտմանը և համապատասխան աջակցության տրամադրմանը։
Ուղեցույցը մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան և ներառում է հետևյալ հիմնական թեմաները՝
- ✦ տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններ,
- ✦ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեսակներ,
- ✦ ոլորտին առնչվող հիմնական հասկացություններ,
- ✦ հոգեակտիվ նյութերի գործածման առողջական և սոցիալ-հոգեբանական վնասներ,
- ✦ անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման հնարավոր վաղ նշաններ,
- ✦ աջակցության և ուղղորդման մեխանիզմներ,
- ✦ արդյունավետ հաղորդակցության և լսարանի հետ ինտերակտիվ աշխատանքի մեթոդներ։
Ուղեցույցը երաշխավորվել է որպես ուսումնական նյութ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2026 թվականի հուլիսի 29-ի N 1507-Ա/2 հրամանով։
Ի դեպ, Կայքում հրապարակված նյութերն արտատպելիս կամ օգտագործելիս պարտադիր է հղում կատարել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պաշտոնական կայքին՝ www.hmk.am
13.10.2026

