Ամփոփվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Ռեսուրս սենյակ» պիլոտային ծրագիրը, որի արդյունքների ներկայացման և հետագա ներդրման վերաբերյալ 2026թ․ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել «Ռեսուրս սենյակ» պիլոտային ծրագրի իրականացման փորձն ու գնահատման հիմնական արդյունքները, քննարկել մոդելի շարունակականության և փուլային ներդրման հնարավորությունները, ինչպես նաև գործընկերների հետ համաձայնեցնել հետագա քայլերը ծրագրի համապարփակ ներդրման և շարունակական իրականացման ուղղությամբ։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների պատասխանատու պաշտոնյաներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆՒՍԵՖ-ի, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ծրագրին մասնակից դպրոցների տնօրենները և ծնողները։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն ընդգծեց յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման կարևորությունը՝ այդ համատեքստում ներկայացնելով 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների` դասագործընթացում ներառման հնարավորություններն ու տեսլականը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկեր կազմակերպություններին ու ծրագրի մասնակից դպրոցներին պիլոտային ծրագրի հաջողված փորձի և այդ փորձառությունը հանրապետության դպրոցներում տարածելու պատրաստակամության համար։ «Ծրագիրը ուղերձ դարձավ, որ յուրաքանչյուր երեխա ունակ է սովորելու, յուրաքանչյուր երեխա ունակ է զարգանալու»,- շեշտեց նա։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական զարգացման ծրագրի պատասխանատու Մայա Սիմոնյանը կարևորեց ներառական կրթության ոլորտում աշխարհում դիտարկվող գործընթացների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման վերաբերյալ հետազոտություններն ու վիճակագրությունները, որոնք կօգնեն գտնել Հայաստանի համար լավագույն և ընդունելի տարբերակը։<;/p>
Քննարկմանը առցանց ձևաչափով միացան նաև «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչը և Նիկոլինա Յուրիչ Տանֆարան։ Մարտինա Ցելիզիչը անդրադարձավ պիլոտային ծրագրի հայեցակարգային և մեթոդաբանական հիմքերին, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանքներն իրականացվել են «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետների կողմից։ Կարևորվեցին 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների մոտ կայուն հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես սովորողի իրավիճակի գնահատումը, առաջնահերթությունների հստակեցումը՝ բոլոր ռեսուրսները հաշվի առնելով, ինչը թույլ կտա խոսել ծրագիրը հանրապետության բոլոր դպրոցներում ներդնելու հնարավորության մասին։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը ներկայացրեց պիլոտային ծրագրի իրականացման ընթացքը և գնահատման արդյունքները՝ շեշտադրումներ անելով ռեսուրս սենյակի հիմնական փիլիսոփայությանը՝ տարբերակված ուսուցում յուրաքանչյուրին ըստ իր առանձնահատկության։ Նա անդրադարձավ ծրագրի հաջողությունը պայմանավորող գործոններին՝
- ✦ աջակցող և անցումային միջավայրի ապահովում,
- ✦ ռեսուրս սենյակի գործառույթների բաշխում,
- ✦ ծրագրի կազմակերպման փուլերի հաջորդականություն,
- ✦ դպրոցների և ուսուցիչների ընտրություն,
- ✦ սովորողի օրվա և ուսումնական միջավայրի կազմակերպում և այլն։
Նրա խոսքով՝ ծրագրի արդյունավետության հիմքը աջակցության ամբողջական համակարգի կիրառումն էր, որի համատեքստում կարևորվեց պիլոտային ծրագրի արդյունավետության գնահատումը տարբեր չափանիշներով. ուսումնական միջավայրի հարմարեցումները՝ որպես ծրագրի հիմնական ուժեղ կողմ, մեթոդաբանության շարունակականություն, սոցիալական ներառում, դպրոցի մշակույթի փոփոխություն, ազդեցությունը դպրոցի և ընտանիքի մակարդակում, դպրոց-ընտանիք վստահության վերանայում և այլն։
Պիլոտային ծրագրի ֆինանսական չափելիությանն անդրադարձավ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության ազգային հաշիվների կենտրոնի ղեկավար Անաստաս Աղազարյանը՝ նրա արդյունավետությունը դիտարկելով ծախսային հիմնական բաղադրիչների և ֆինանսավորման փորձի տեսանկյունից։
Ծրագրի արդյունավետության կարևորագույն ցուցիչներից էր ծնողների դրական արձագանքը։ Նրանց դիտարկմամբ՝ ռեսուրս սենյակի ստեղծմամբ իրենց կյանքը կարծես բաժանվել է երկու մասի՝ ռեսուրս սենյակից առաջ և հետո։ Նրանք նշում էին, որ սենյակը դարձել է ոչ միայն աջակցող, անվտանգ և սոցիալական ներառմանը նպաստող միջավայր երեխաների համար, այլև վստահության, հանգստության և նոր հնարավորությունների աղբյուր հենց ծնողների համար։ Հատկապես ընդգծվեց, որ ռեսուրս սենյակում ստացած աջակցությունը դրական ազդեցություն է ունեցել ինչպես երեխաների առօրյայի, այնպես էլ ընտանիքի ընդհանուր մթնոլորտի վրա։
Հանդիպումն ամփոփվեց «Ռեսուրս սենյակ» մոդելի շարունակականության, փուլային ներդրման և հետագա քայլեր նախանշման վերաբերյալ կլոր սեղան-քննարկումով, որի առանցքային հարցերն էին`
- ✦ Գործող երեք ռեսուրս սենյակների շարունակականության ապահովում,
- ✦ Մոդելի իրավական ու կազմակերպական ամրագրումը և շահառուների շրջանակի հստակեցում,
- ✦ Փուլային ընդլայնման տարածքային առաջնահերթությունները և դպրոցների ընտրության չափանիշները,
- ✦ ՀՄԿ-ի ՏՄԱԿ-ների, դպրոցների և գործընկեր կազմակերպությունների դերերի հստակեցում,
- ✦ Հետագա քայլերի, պատասխանատուների և ժամկետների նախնական համաձայնեցում:
Քննարկումն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան Ծրագրի արդյունավետությանը, մեթոդաբանությանը և ձեռք բերված փորձի ներդրմանն առնչվող մի շարք կարևոր հարցերի՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։
23.09.2026


