2026թ․ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ․ ԾՆՈՂԻ ԴԵՐՆ ՈՒ ԱՋԱԿՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով առցանց դասընթաց ծնողների համար։
Դասընթացավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Մուրադյանը։
Դասընթացը միտված էր ծնողներին և մասնագետներին տրամադրելու գիտելիքներ և գործնական մոտեցումներ՝ նպաստելու տեսողության խանգարում ունեցող երեխայի զարգացմանը և առօրյա գործողություններին ակտիվ մասնակցության ձևավորմանը։
Դասընթացին ներկայացվեցին երեխայի ինքնուրույնության, ինքնավստահության, կողմնորոշման, առօրյա հմտությունների զարգացման, նրա նախաձեռնողականության և սոցիալական մասնակցության խթանման արդյունավետ ռազմավարություններ։
Դիտարկվեցին ծնողի և մասնագետի գործառույթները երեխային անհրաժեշտ աջակցություն տրամադրելու, միաժամանակ նրա փոխարեն գործողությունները չկատարելու և սեփական կարողությունները փորձարկելու հնարավորություն ընձեռելու գործընթացում։ Շեշտվեց նաև երեխայի հետ համագործակցային աշխատանքի կարևորությունը՝ ծրագրերն ու գործողությունները կազմակերպելով ոչ թե երեխայի փոխարեն, այլ նրա հետ։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց անվտանգ, հասանելի և զարգացնող միջավայրի կազմակերպմանը, այդ թվում՝ միջավայրային հարմարեցումների, հստակ և ճշգրիտ տարածական բառապաշարի և բազմազգայական ուսուցման կիրառմանը։ Ներկայացվեցին նաև տեսողության դժվարությունների փոխհատուցման հնարավորությունները, անհատական պլանավորման և ծնողի ինքնագնահատման գործիքները, ինչպես նաև բուլինգի հնարավոր ռիսկերն ու դրանց կանխարգելման մեխանիզմները։
Կարևորվեց նաև ընտանիքի, դպրոցի և մասնագետների համագործակցությունը՝ երեխայի կարիքները ժամանակին նկատելու և նրա զարգացման համար անհրաժեշտ աջակցությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Դասընթացը հնարավորություն տվեց մասնակիցներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև քննարկել առօրյա իրավիճակներ, փոխանակվել փորձով և գտնել երեխային աջակցելու առավել արդյունավետ ուղիներ առանց ավելորդ սահմանափակումների։
28.09.2026

