ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է ծնողական համայնքի իրազեկվածության բարձրացմանն ուղղված դասընթացների շարքը։
2026 թվականի հունիսի 18-ին անցկացվեց «ՄՏԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ» թեմայով առցանց դասընթաց, որին մասնակցեցին ծնողներ և մասնագետներ։
Դասընթացավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Թերեզա Ազատյանը։
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին մտավոր զարգացման խանգարում ունեցող երեխաների կրթական և զարգացման կարիքները, տնային ուսուցման արդյունավետ կազմակերպման սկզբունքները, ծնողների և մասնագետների համագործակցության կարևորությունը, ինչպես նաև անհատականացված ուսուցման մեթոդների ընտրության չափանիշները։ Առանձնահատուկ ընդգծվեց ծնողի և մասնագետի միջև փոխադարձ վստահության դերը, երեխայի սոցիալական զարգացման և սոցիալականացման կարևորությունը։
Բանախոսը ներկայացրեց գործնական մոտեցումներ, որոնք նպաստում են երեխայի ճանաչողական ակտիվության, հետաքրքրությունների, ինքնուրույնության և սովորելու մոտիվացիայի ձևավորմանը։
Անդրադարձ կատարվեց նաև զարգացնող պարապմունքների կազմակերպման պայմաններին, երեխայի հուզազգայական վիճակի և միջավայրի առանձնահատկություններին, ինչպես նաև պարապմունքների նպատակների հստակեցման կարևորությանը։
Ներկայացվեցին զգայական վարժությունների, խաղերի և զարգացնող գործունեության միջոցով տարբեր հմտությունների ձևավորման արդյունավետ մեթոդներ, ժամանակակից հաղորդակցական գործիքներ և առցանց հավելվածներ, որոնք նպաստում են կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
Դասընթացն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և դեպքերի վերլուծություններով, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
20.06.2026

