Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է ծնողական համայնքի հետ համագործակցությանն ու նրանց իրազեկվածության բարձրացմանն ուղղված դասընթացների շարքը։
2026թ․ օգոստոսի 28-ին տեղի ունեցավ «ԻՆՉՊԵՍ ԱՋԱԿՑԵԼ ԵՐԵԽԱՅԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՏԱՆԸ. ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ» թեմայով դասընթաց ծնողների համար։
Դասընթացավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլյա Թադևոսյանը։
Դասընթացի նպատակն էր ծնողներին տրամադրել կիրառելի գիտելիքներ և գործիքներ, որոնք միտված են նպաստելու նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խոսքի, ճանաչողական և ուսումնառության հմտությունների զարգացմանը տանը և առավել սահուն դարձնելու դպրոցական ուսումնառության մեկնարկը։
Վեբինարի բանախոսը մասնակիցներին ներկայացրեց խոսքի զարգացմանն ուղղված գործնական մոտեցումներ, խաղեր և վարժություններ հնչյունների ճիշտ արտաբերման, հնչութային ընկալման, հնչյունավանկային վերլուծության և համադրության, բառապաշարի հարստացման, քերականական և կապակցված խոսքի զարգացման համար։
Ընդգծվեց ընտանիքում աջակցող միջավայրի կարևորությունը երեխայի խոսքի և ուսումնառության հմտությունների զարգացման գործում, ներկայացվեցին երեխայի հետ հաղորդակցությունը խթանելու և նրա ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը զարգացնելու արդյունավետ մոտեցումներ, երեխայի հետ աշխատանքը բնական իրավիճակներում կազմակերպելու գործնական ձևեր։
Անդրադարձ կատարվեց նաև մանր մոտորիկայի, գրաֆոմոտոր, տեսատարածական ընկալման և կողմնորոշման և միջկիսագնդային փոխգործակցությամբ պայմանավորված հմտությունների զարգացմանը, ինչպես նաև կարդալու և գրելու ուսուցմանը նախապատրաստող արդյունավետ միջոցներին։
Առաջարկվեցին կարդալու և գրելու ուսուցմանն աջակցող արդյունավետ սկզբունքներ, ընդգծվեց ծնողի, դպրոցի և մասնագետների համագործակցության կարևորությունը՝ երեխայի դժվարությունները ժամանակին նկատելու և անհրաժեշտ աջակցությունն արդյունավետ կազմակերպելու համար։
03.09.2026

