ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
2026թ․ նոյեմբերի 10-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ» խորագրով դասընթաց ծնողների համար։
Սեմինարի դասընթացավար, ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Սյուզաննա Պետրոսյանը ներկայացրեց աուտիզմ ունեցող երեխաների սոցիալականացման գործընթացում հանդիպող հիմնական դժվարությունները, ինչպես նաև սոցիալական հմտությունների նշանակությունը երեխայի զարգացման գործընթացում, անդրադարձավ այն հիմնական մոտեցումներին ու ռազմավարություններին, որոնք ուղղված են սոցիալական հմտությունների ձևավորմանը, ինքնուրույնությանն ու հասարակական կյանքին մասնակցությանը։
Դիտարկվեցին անձի սոցիալականացմանը նպաստող հիմնական ոլորտները՝
- ✦ Խոսքային և ոչ խոսքային հաղորդակցում
- ✦ Շփման նախաձեռնում և պահպանում
- ✦ Համագործակցություն և փոխադարձ ուշադրություն
- ✦ Կարիքների, նախասիրությունների և սահմանների արտահայտում
- ✦ Հարաբերությունների կառուցում և սոցիալական մասնակցություն
- ✦ Ինքնապաշտպանության հմտություններ և անձնական սահմանների գիտակցում,
- ✦ Հուզական և զգայական կարգավորում, անվտանգության ապահովում և անհրաժեշտ աջակցության տրամադրում։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սոցիալական պատմությունների կիրառմանը՝ որպես տարբեր սոցիալական իրավիճակները հասկանալու, նոր միջավայրերին հարմարվելու, տագնապայնությունը նվազեցնելու և սոցիալապես ընդունելի վարքագիծ ձևավորելու արդյունավետ միջոցի։
Դասընթացի գործնական հատվածում ծնողները մասնակցեցին խմբային աշխատանքների և գործնական վարժությունների, որոնց ընթացքում ստեղծեցին սոցիալական պատմություններ՝ քայլ առ քայլ ներկայացնելով տարբեր իրավիճակներ և առաջարկելով համապատասխան միջավայրում ընդունված վարքերի և սոցիալական նորմերի մասին իրավիճակային լուծումներ։
Քննարկվեց նաև ծնողի դերի կարևորությունը երեխայի սոցիալական հմտությունների զարգացման գործընթացում, հաղորդակցման ցանկալի ձևերի մոդելավորման, դրական խրախուսման մեխանիզմների կիրառման և երեխային աջակցող ու անվտանգ միջավայրի ապահովման տեսանկյունից։
12.11.2026

