2024թ․ հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի ամփոփիչ համաժողով քննարկումը, որը կազմակերպվել էր «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից։
Բացման խոսքով ներկաներին ողջունեցին «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ նախագահ Տաթևիկ Մատինյանը, ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Յապ Ֆրեդերիքսը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը:
ՀՄԿ տնօրենը ներկայացրեց Կենտրոնի կողմից իրականացված աշխատանքները դպրոցներում բուլինգի բացահայտման և ուսումնասիրության վերաբերյալ, խոսեց բուլինգի դրսևորումների, վաղ հայտնաբերման ու կանխարգելման կարևորության մասին, անդրադարձավ այս ուղղությամբ իրականացված միջազգային հետազոտություններին՝ կարևորելով հակաբուլինգային միջոցառումների ու քաղաքականության մշակումն ու համապատասխան ընթացակարգերի ստեղծումը։
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Յուլիանա Մելքումյանը հանդես եկավ «Բուլինգը ՀՀ դպրոցներում» հետազոտական աշխատանքի արդյունքների ներկայացմամբ։
Այնուհետև ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանն անդրադարձավ «Դպրոցներում բուլինգի կանխարգելման և արձագանքման ընթացակարգերին»՝ կարևորելով գործնական մոտեցումն այդ համատեքստում արդյունավետ արձագանքման մեխանիզմների մշակման և կանխարգելման ընթացակարգերի հստակեցման, դպրոցի անձնակազմի և աշակերտների հետ հետևողական աշխատանքի ուղղությամբ։ Նա ընդգծեց հակաբուլինգային քաղաքականության իրավական շրջանակի ամրագրման կարևորությունը երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում։
«Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես բուլինգի կանխարգելման և հաղթահարման գործոն» ձեռնարկի մասին խոսեց ՀՄԿ մեթոդիստ-վերապատրաստող, հոգեբան Անի Խուդոյանը։ Նա ներկայացրեց ձեռնարկի կառուցվածքը, նրանով աշխատելու առանձնահատկությունները և բովանդակությունը, նշեց թիրախային ուղղությունները բուլինգի կանխարգելման և արձագանքման գործընթացում, մասնավորապես՝ բուլինգի դրսևորումների նվազեցումը մանկավարժների կարողությունների հզորացման, աշակերտների իրազեկվածությունը բարձրացնելու և այդպիսով նրանց պաշտպանվածությունը մեծացնելու միջոցով։
Նշենք, որ մանկավարժների և հոգեբանների համար նախատեսված «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես բուլինգի կանխարգելման և հաղթահարման գործոն» ձեռնարկը մշակվել է ՀՄԿ-ի կողմից «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ / աշխատանքային խմբի ղեկավար՝ Լ․Մնացականյան, հեղինակներ՝ Հ․Ադամյան, Ա․Խուդոյան/։
Համաժողովն ավարտվեց «Պատկերենք բուլինգը» նկարների մրցույթի ամփոփմամբ, որտեղ ներկայացված էին դպրոցահասակ երեխաների աշխատանքները։
08.07.2024