Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ սույն թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի և Կրթության տեսչական մարմնի պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի հայտնաբերման, արձագանքման և կանխարգելման ուղղությամբ ներգրավված կառույցների համագործակցության, պատասխանատվությունների ու գործառույթների բաշխման, համատեղ գործողությունների իրականացման և հետադարձ կապի ապահովման ընթացակարգերի հստակեցումը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բռնության դեպքերի վերաբերյալ հաղորդումների ստացման, փոխանցման և համակարգման գործընթացներին, տարբեր թեժ գծերից ստացվող ահազանգերին արձագանքմանը, ինչպես նաև կառույցների միջև տեղեկատվության փոխանակման և հետադարձ կապի ապահովմանը։ Կարևորվել է յուրաքանչյուր դեպքի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքների գնահատումը և հետագա քայլերի հստակեցումը, ընդգծվել է այդ առնչությամբ կառույցների պատասխանատվության հստակ սահմանման, հոգեբանական և իրավական գործընթացների համաժամանակյա իրականացման, ինչպես նաև դեպքերին արձագանքման հստակ ընթացակարգերի անհրաժեշտությունը՝ ապահովելով գործողությունների հաջորդականությունն ու փոխլրացումը։
Քննարկվել են նաև դպրոցներում անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ Սովորողների պաշտպանության թիմերի համար համապարփակ ձևաթղթի մշակման, դպրոցների բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, տնօրենների կողմից իրազեկման միջոցառումների կազմակերպման և բռնության դեպքերի ուսումնասիրության համալիր մեխանիզմների մշակման հարցերը։
Կարևորվել է միջգերատեսչական աշխատանքային խմբերի ձևավորումը, դրանց գործունեության ընթացակարգերի սահմանումը և դեպքերի՝ ըստ կառույցների իրավասությունների ուղղորդման մեխանիզմների մշակումը։ Ընդգծվել է նաև դպրոցների վարչական և մանկավարժական անձնակազմի, ծնողների ու սովորողների հետ հոգեբանական և բարոյահոգեբանական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարելագործել համատեղ գործողությունները դպրոցներում բռնության դեպքերի առավել արդյունավետ բացահայտման, ժամանակին արձագանքման և կանխարգելման, ինչպես նաև յուրաքանչյուր սովորողի համար անվտանգ ու պաշտպանված կրթական միջավայրի ապահովման նպատակով։
16.11.2026

