2026թ․ հունիսի 4-ին Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեում, անցկացվել է «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ» խորագրով թեմատիկ քննարկումը, որն իրականացվում էր Մոնակոյի Իշխանապետության նախագահության շրջանակներում` ԵԽ Երեխաների իրավունքների հարցերով (CDENF) և Կենսաբժշկության և առողջապահության ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության (CDBIO) ղեկավար կոմիտեների համագործակցությամբ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը, այնուհետև զեկույցներ են ներկայացրել Մոնակոյի առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Քրիստոֆ Ռոբինոն, Ժնևի համալսարանի Հոգեկան առողջության ԱՀԿ համագործակցային կենտրոնի տնօրեն Սոֆիա Աշաբը, Փարիզի Սիտե համալսարանի զարգացման հոգեբանության և կրթության կոգնիտիվ նյարդաբանության պրոֆեսոր Գրեգուար Բորստը և մի շարք այլ փորձագետներ, իսկ ավելի քան 130 երկրների շուրջ 300 առաջատար մասնագետներ հետևել են հանդիպմանը առցանց ձևաչափով։
Թեմատիկ երկխոսությանը մասնակցել է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը՝ հանդես գալով «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի համակարգային զարգացումը Հայաստանի կրթական համակարգում որպես պետական առաջնահերթություն» խորագրով զեկույցով։ Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության զարգացմանն ուղղված գործընթացները, խոսել 2023-2025 թվականների ընթացքում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ապահովման, կրթության համակարգում ներառականության, անվտանգության, բարեկեցության և դիմակայունության բարձրացման ուղղությամբ իրականացված համակարգային միջոցառումների մասին, ներկայացրել այն առանցքային գաղափարներն ու հենասյուները, որոնք պետք է դիտարկվեն որպես դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հիմնական բաղադրիչներ և արտացոլվեն կրթական քաղաքականություններում, ուսումնական ծրագրերում և բյուջետային պլանավորումներում։
ՀՄԿ տնօրենն անդրադարձել է նաև այս ուղղությամբ նախատեսվող շարունակական գործողություններին, միջամտությունները նպատակային և ժամանակին իրականացնելու անհրաժեշտությանը՝ կարևորելով դրանց արտացոլվածությունը ՀՀ կրթական համակարգում։
05.06.2026

