2026թ․ հունիսի 9-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը։
Ողջունելով ներկաներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ուշադրություն հրավիրեց օրակարգային հիմնական թեմաներին։ Մասնավորապես․
- ✦ Անդրադարձ կատարվեց «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարվա շրջանակում ՏՄԱԿ-ների կողմից իրականացված միջոցառումներին (աշխատաժողովներ, կլոր սեղաններ, սեմինարներ, վերապատրաստումներ)՝ շեշտադրելով դրանց կարևորությունը և շարունակականության պահպանումը։
- ✦ Կարևորվեցին դպրոցներում Սովորողների պաշտպանության (ՍՊ) թիմերի ձևավորմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով ՏՄԱԿ-ների հետևողականությունը այս գործունեության արդյունավետության հարցում։
- ✦ Հանգամանալիորեն ներկայացվեցին սովորողների սոցիալ-հոգեբանական անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՄԿ-ի կողմից իրականացվող գործողություններն ու գործընթացները։
- ✦ Առաջնահերթությունների շարքում դիտարկվեցին ՏՄԱԿ-ների տեխնիկական վերազինման ուղղությամբ նախատեսվող գործողությունները, որոնք միտված են վերջիններիս աշխատանքի օպերատիվության բարձրացմանը և մշտադիտարկման մեխանիզմների լավարկմանը։
- ✦ Քննարկվեցին Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում փոփոխություններին վերաբերող հարցեր․ տնօրենները ներկայացրեցին իրենց դիտարկումները՝ հանդես գալով դրանց վերաբերյալ տեղային առաջնահերթություններից բխող առաջարկություններով։
- ✦ Ամփոփվեցին տարբեր գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը`
- 🗸 ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ «Ընտանիքում բռնության դեպքերին արձագանքելու և ուղղորդելու մեխանիզմներն ու առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացները, որոնց մասնակցել են ՏՄԱԿ-ների տնօրենները և հոգեբանները.
- 🗸 ՀՄԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացված «Կրթական համակարգի զարգացում կրթության մեջ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներառման միջոցով» պիլոտային ծրագիրը։ Հստակեցվեցին նաև գործընթացն ի մի բերելու նպատակով առաջիկայում նախատեսվող ամփոփիչ միջոցառման մանրամասները։
Հանդիպմանը հնչեցին նաև կրթության կազմակերպման գործընթացում առանցքային մի շարք այլ հարցեր, դիտարկվեցին ՏՄԱԿ-ների աշխատանքային գործընթացում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները և դրանց լուծման ուղղությունները։
09.06.2026

