2026 թվականի օգոստոսի 27-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ-ներ) տնօրենների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև ներկայացվել են նոր ուսումնական տարվա աշխատանքային հիմնական առաջնահերթությունները։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, առաջիկա անելիքներն ու այն հիմնական ուղղությունները, որոնք միտված են ներառական, անվտանգ և բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը, կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է ՏՄԱԿ-ների ֆինանսավորման կարգում նախատեսվող փոփոխություններին և դրանցով պայմանավորված գործընթացներին։ Քննարկվել են ՏՄԱԿ-ների գործունեության արդյունավետության, նոր ուսումնական տարում տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության որակի բարձրացմանը, ինչպես նաև կենտրոնների տեխնոլոգիական հագեցվածությանը և արդիականացմանն առնչվող հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել կրթական տեխնոլոգիաների զարգացմանը և գործընթացների թվայնացմանը։ Մասնավորապես՝ քննարկվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից ՏՄԱԿ-ների աջակցող մասնագետներին տրամադրվող համակարգիչների շահագործման, կազմակերպչական գործընթացների և թվային գործիքների հասանելիության հետ կապված հարցերը։
Մասնագիտական զարգացման ուղղությամբ կարևորվել է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մասնագետների կամավոր ատեստավորման նախաձեռնությունը։
Կարևորվել է հատուկ դպրոցների՝ ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործընթացը։ Այս համատեքստում դիտարկվել են համագործակցության ընդլայնման, մասնագետների վերապատրաստման, ՏՄԱԿ-ներին մասնագիտական աջակցության տրամադրման, համագործակցության մեխանիզմների ամրապնդման և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխադարձ մասնագիտական աջակցության կազմակերպումը։
Քննարկման առանցքային թեմաներից էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար խելամիտ հարմարեցումների ապահովումը և ֆիզիկական միջավայրի մատչելիության բարելավումը՝ յուրաքանչյուր սովորողի անհատական կարիքներին համապատասխան։
Ընդգծվել է տնային ուսուցում ստացող երեխաներին դպրոց ուղղորդող արդյունավետ մեխանիզմների մշակման և գործարկման անհրաժեշտությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվել բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողներին ՏՄԱԿ-ների կողմից տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության արդյունավետ իրականացմանը։
Քննարկվել է նաև սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված երեխաների գնահատման գործընթացը՝ դրա ժամկետները, կազմակերպչական հարցերը և այդ ուղղությամբ ՏՄԱԿ-ների աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Ընդգծվել է ՏՄԱԿ-ների կարևորությունը մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների որակի բարձրացման և յուրաքանչյուր սովորողի կրթության իրավունքի լիարժեք իրացման գործում։ ՏՄԱԿ-ների տնօրեններն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքային գործունեության ընթացքում արձանագրված մարտահրավերներն ու հանդես եկել համապատասխան առաջարկություններով։
Հանդիպումն ուղեկցվել է կրթական էքսպոյի ցուցադրությամբ, որի շրջանակում ներկայացվել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հրատարակությունները՝ մասնագիտական գրականություն և ձեռնարկներ, աշխատանքային գիրք-տետրեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, ինչպես նաև ՀՄԿ մասնագետների կողմից մշակված դիդակտիկ նյութեր, զարգացնող խաղեր, խելամիտ հարմարեցումների օրինակներ և աջակցող տեխնոլոգիաներ։
28.08.2026

