2023թ․ հուլիսի 13-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հյուրընկալվել էին ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO կազմակերպության նախագահ Մհեր Դավթյանը և կրթական ծրագրերի ղեկավար Արփինե Բաղդասարյանը:
Հանդիպման նպատակը ՀՄԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «ՕԳՆԻ՛Ր ԿԱՐԴԱԼ» ծրագրի արդյունքների ամփոփումն էր: ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ողջունեց երկու կողմերի միջև կնքված հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագիրը՝ կարևորելով նրա արդյունավետությունը ընթերցանության դժվարություններ ունեցող աշակերտների կարդալու հմտությունների զարգացման գործընթացում:
Մ. Դավթյանը և Ա. Բաղդասարյանը հանդես եկան «ՕԳՆԻ՛Ր ԿԱՐԴԱԼ» ծրագրի վերաբերյալ ամփոփիչ զեկույցով: Այնուհետև հարցուպատասխանների միջոցով հստակեցվեցին և ի մի բերվեցին մինչ այժմ կատարված աշխատանքները, քննարկվեցին հաջորդ փուլի անելիքները, տեղի ունեցան մտքերի ու գաղափարների փոխանակումներ:
«Օգնի՛ր կարդալ» ծրագիրը ֆինանսավորվել է «Հովնանյան ընտանեկան» հիմնադրամի և անհատ բարերարների աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է զարգացնել գործընկեր դպրոցներից ներգրավված ուսումնական գծով անձնակազմի և Վանաձորի ու Ալավերդու ՏՄԱԿ-ների մասնագետների կարողունակությունները փոխադարձ համագործակցության ու ընթերցանության ներառող դասավանդման միջոցով, որի կենտրոնում կարդալու դժվարություններ ունեցող աշակերտների ընթերցելու հմտությունների զարգացումն է։
Ծրագիրն իրականցվել է Լոռու մարզի գյուղական և քաղաքային բնակավայրերում տեղակայված 10 հիմնական և միջնակարգ դպրոցներում, որի շահառուներն են՝
- ✦ դպրոցների ուսումնական գծով անձնակազմը,
- ✦ ընթերցանության դժվարություն ունեցող աշակերտները,
- ✦ կրթական հատուկ կարիքներ ունեցող աշակերտները,
- ✦ ՏՄԱԿ-ների անձնակազմը։
Ծրագրին մասնակցել են 98 աշակերտ 10 դպրոցից, որի արդյունքում աշակերտների մոտ արձանագրվել են փոփոխություններ ընթերցանության հմտության տարբեր ենթաբաղադրիչներում։
Ծրագիրն իրականացվել է մի քանի փուլով.
- ✦ Դպրոցների ուսումնական անձնակազմի և ՏՄԱԿ-ների մասնագետների վերապատրաստումներ,
- ✦ Աշակերտների դիտարկում և կարիքների գնահատում, որի ընթացքում ուսումնասիրվել են ծրագրում ընդգրկված աշակերտների ընթերցանության կարիքները, և առաջարկվել է ընթերցանության հմտությունը բարելավելու միջամտությունների մեթոդաբանություն,
- ✦ Տվյալների ամփոփում և միջամտությունների պլանի տրամադրում,
- ✦ Միջամտությունների կիրառում, որիշրջանակում 8 շաբաթ ուսուցիչները և ուսուցչի օգնականները աշխատել են աշակերտների հետ՝ առաջնորդվելով միջամտության պլանի ձևաչափով,
- ✦ Մենթորական աջակցություն, որի շրջանակում առցանց հանդիպումներ են իրականացվել ուսուցիչների, ուսուցչի օգնականների, տնօրենների և փոխտնօրենների հետ քննարկելու միջամտությունների կիրառման ընթացքը և աշակերտների հետ պլանավորվող աշխատանքը,
- ✦ Աշակերտների ընթերցանության հմտությունների վերջնական գնահատում։
Վստահ ենք, որ ուսուցիչներն ու ՏՄԱԿ-երի մասնագետները ծրագրի ընթացքում ձեռք բերված մեթոդական բազան ստեղծագործաբար կկիրառեն՝ հարմարեցնելով այն իրենց աշակերտների կարիքներին՝ ի նպաստ նրանց ընթերցանության հմտության զարգացման։