Գրագիտության հիմնախնդիրն ու լուծումները բազմազան են։ Համընդհանուր գրագիտության հասնելու կարևոր նախապայմաններից մեկն էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք կամ կարդալու առանձնահատուկ դժվարություններ ունեցող աշակերտներին տրամադրվող աջակցությունների որակի շարունակական զարգացումն է, որի շուրջ ստորագրված Հուշագրի շրջանակներում 2022թ. փետրվար-մայիս ամիսներին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՆորԱրար կրթական ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացվեց «ՕԳՆԻ’Ր ԿԱՐԴԱԼ» պիլոտային ծրագիրը։
Ծրագրի նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ընթերցանության որակի զարգացման հնարավորությունների ընդլայնումն էր։
Ծրագիրն ընթացել է երկու փուլով։
- ✦ Առաջին փուլում իրականացվել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների վերապատրաստման դասընթացներ՝ սահունության զարգացման ու գնահատման ռազմավարություններով (փետրվար-մարտ)։
- ✦ Այնուհետև վերապատրաստվել են Վանաձորի ՏՄԱԿ-ի և Ալավերդու մասնաճյուղի մասնագետները, ինչպես նաև Ալավերդու 12, Վանաձորի 21 և Լեռնապատի միջնակարգ դպրոցի մոտ վաթսուն ուսուցիչ, ուսուցչի օգնականներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ։
Դպրոցների և ՏՄԱԿ-ների մասնագետների աջակցությամբ լրամշակվել է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ցանկը, թիմային քննարկումների ու դիտարկումների արդյունքում վեր են հանվել ընթերցանության սահունության, ինչպես և՝ հարակից կարիքները։ Յուրաքանչյուր երեխայի համար ստեղծվել է կարիքների և ուժեղ կողմերի պրոֆիլ, սահմանվել է նախնական գնահատման եղանակն ու գործիքը: Ճշտվել է ներգրավված բոլոր կողմերի պատասխանատվության ու մասնակցության շրջանակը։
Ի լրումն վերոնշյալի՝ ծրագրի ընթացքում կիրառված միջամտություններն արդյունավետ են եղել ներգրավված աշակերտների մոտ 80 տոկոսի համար։ Պարբերաբար հաղորդակցվելով ծնողների հետ՝ նրանց է ներկայացվել միջամտությունների բուն նպատակը, ընթացքն ու կարևորությունը։ ՏՄԱԿ-ների արդեն իսկ վերապատրաստված մասնագետները խորհրդատվություն են տրամադրել նաև ծրագրում ներգրավված դպրոցների տնօրեններին ու փոխտնօրեններին։ Կատարվել են մոնիտորինգային այցեր՝ գործընթացի հաշվետվողականության և կատարողականի գնահատման նպատակով։
«Օգնի՛ր կարդալ» պիլոտային ծրագիրը «ՆորԱրար»-ի ավելի վաղ մեկնարկած Ընթերցանության արշավային ծրագրի բաղադրիչն է, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։