Արդեն երկու տարի է, ինչ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում գործում է «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը։
Քչերը գիտեն, որ թատերախմբի պատանի մասնակիցները բազում ձեռքբերումներ ունեն նաև կյանքի այլ ոլորտներում։
Դրամաթերապիան դրականորեն է ներգործում երեխաների ինքնարտահայտվելու հնարավորությունների վրա՝ օգնելով նրանց հաջողություններ գրանցել արվեստից դուրս։
«ՄԻԱՍԻՆ» թատերախմբի սան տասնհինգամյա Աննա Դավթյանը մասնակցել է 2023թ․ հունիսի 17-25-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած Աշխարհի հատուկ օլիմպիադաների ամառային խաղերին՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը հեռացատկ մարզաձևում ։ Ընդ որում, Հայաստանից խաղերին մասնակցում էին 4 մարզիկներ․ 2-ը՝ աթլետիկա, 2-ը՝ լող մարզաձևերում։
«ՄԻԱՍԻՆ» թատերախմբի սաները, ծնողներն ու Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի անձնակազմը Աննային սպասում էին առանձնակի ոգևորությամբ։
Մեր սիրելի Աննային դիմավորեցինք ուրախ վանկարկումներով, ծաղիկներով ու ծափողջույններով։ Այնուհետև հավաքվեցինք մեր մեծ դահլիճում՝ զրուցելու Աննայի այս կարևոր հաղթանակի և հետագա ծրագրերի մասին։ Աննան մեծ ոգևորությամբ պատմեց օլիմպիադային մասնակցության, հաղթանակին հասնելու դժվարությունների և դրանք հաղթահարելու իր մեթոդների մասին, որին նպաստել է նաև թատերախմբում ձեռք բերած փորձառությունն ու հաղորդակցվելու հմտությունները։ Նա մեծ ջերմությամբ անդրադարձավ նաև օլիմպիադայի կազմակերպիչներին` Special Olympics Armenia / Հայկական հատուկ օլիմպիադաներ և նրանց կողմից բոլոր մասնակիցների նկատմամբ ցուցաբերած առանձնահատուկ դրական վերաբերմունքին։
Աննայի մայրը՝ տիկին Արմինեն, հուզմունքով ու ոգևորությամբ ներկայացրեց աղջկա ապրումները հաղթանակին նախորդող ժամերի ընթացքում` կարևորելով թատերախմբի ու նրա ղեկավար Մարինե Ասատրյանի գործոնն այդ հաջողության մեջ։ «Թատերախմբի՝ դրամաթերապիայի դրական ներգործությամբ է պայմանավորված նաև Աննայի հաղորդակցական հմտություններ ձեռք բերելու, իր նախընտրած ոլորտում աննախադեպ հաջողություններ գրանցելու, ինքնարտահայտվելու, իր թաքնված հնարավորությունները բացահայտել կարողանալու հանգամանքը»,- նշեց տիկին Արմինեն։
Հանդիպման բոլոր մասնակիցները ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ուղղեցին Աննային՝ Հայաստանը սպորտի միջազգային ամենապատվավոր հարթակներից մեկում պատվով ներկայացնելու համար։ Իսկ փոքրիկ Լինան մեր չեմպիոնին մաղթեց կապույտ երկինք և կանաչ ճանապարհ։ Այդ կանաչ ճանապարհի՝ յուրաքանչյուր հաղթանակի համար հոգ տանելու կարևորությունն ընդգծեց թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանը՝ ՀՄԿ-ի կողմից Աննային նվիրելով հաջողության խորհրդանշական ծառ․ «Յուրաքանչյուր հաղթանակ ջանք ու աշխատանք է պահանջում, յուրաքանչյուր հաջողություն մի ծաղիկ է, որի մասին պետք է հոգ տանել, որ այն ավելի ծաղկի ու գեղեցկանա։ Թող ծաղկեն քո հաղթանակները, սիրելի Աննա»։