2023թ․ հուլիսի 28-ին Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO կողմից կազմակերպված «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ» խորագրով աշխատաժողովը։
Աշխատաժողովը նվիրված էր հիմնարար գրագիտության՝ ընթերցանության և թվաբանության դասավանդման ու գնահատման հիմնախնդիրներին, ինչպես նաև Հայաստանում այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, անդրադարձավ ՆորԱրար ՀԿ-ի և ՀՄԿ-ի միջև կնքված հուշագրի շրջանակում իրականացվող «Օգնիր կարդալ» ծրագրին։ Նա իր խոսքում կարևորեց ոչ միայն ընթերցանության դժվարություններ ունեցող աշակերտների կարդալու հմտությունների, այլ նաև ուսուցիչների համապատասխան կարողունակությունների շարունակական զարգացման արդյունավետության բարձրացումը։
ՆորԱրար կրթական ՀԿ նախագահ Մհեր Դավթյանը և կրթական ծրագրերի ղեկավար Արփինե Բաղդասարյանը ներկայացրեցին «Օգնիր կարդալ» ծրագրի ընթացքում արձանագրած ձեռքբերումներն ու դժվարությունները, հստակեցվեցին առաջիկա անելիքները՝ պայմանավորված մասնագիտական փորձառության վերլուծությամբ և արդյունքների ամփոփմամբ։
Պանելային քննարկման բանախոսներն էին ՆորԱրար կրթական ՀԿ նախագահ Մհեր Դավթյանը, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, «Հովնանյան ընտանեկան» հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, Հաղպատի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Ադամյանը: Նրանք անդրադարձան հասարակության զարգացման գործում կրթության դերի, ընթերցանության ու թվաբանության հիմնարար հմտությունների վաղ զարգացմամբ երեխաների մեջ ուսումնառության նկատմամբ հետաքրքրության առաջացման, ընթերցանության հիմքով մտածողության հմտությունների և քննադատական մտածողության ձևավորման, ինչպես նաև կարդալու դժվարություններ ունեցող սովորողների ինքնուրույն կարդալու հմտությունների զարգացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների, միջոցների և մեթոդների մշակման ու ներդրման հարցերին։
Հիմնարար գրագիտության զարգացման ուղղությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացված աշխատանքների մասին խոսեց ՀՄԿ տնօրեն Լ․Մնացականյանը՝ մասնավորապես անդրադարձ կատարելով ՀՄԿ կողմից մշակված մեթոդական ուղեցույցներին և հարմարեցված առարկայական աշխատանքային գիրք-տետրերին, որոնք միտված են ապահովելու հասանելիություն և մատչելիություն, հետևաբար նաև բոլոր երեխաների ներգրավվածություն դասի գործընթացին։
Աշխատաժողովին ներկա էին կրթական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, կրթության կազմակերպման ոլորտի պատասխանատուներ, ովքեր ակտիվ քննարկումների միջոցով վեր հանեցին իրենց հուզող հարցերը, կիսվեցին հաջողված փորձով, մասնավորապես՝ ընթերցանության հմտությունների բարելավմանը, բանավոր խոսքի զարգացմանը և դրա արդյունքում նաև կարդալու նկատմամբ հետաքրքրության խթանմանն ուղղված իրենց մեթոդներով։ Կարևորվեց ոլորտի մասնագետների և գործընկերների հետ համագործակցությունը կրթության ցանկալի արդյունք ապահովելու հեռանկարում։