Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի խաղացանկը համալրվեց ևս մեկ ստեղծագործությամբ․ «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի շրջանակում 2026թ․ հոկտեմբերի 3-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Սև տուփ-Փոքր բեմ» սրահում տեղի ունեցավ թատերախմբի «Փոքրիկ իշխանը» ներկայացման առաջնախաղը Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի համանուն ստեղծագործության հիման վրա։ Ներկայացումն իրականություն է դարձել Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակի աջակցությամբ։
Ներկայացման բեմականացման և բեմադրության հեղինակն է թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանը։
Բեմադրության հիմքում Սենտ-Էքզյուպերիի հայտնի ստեղծագործության առանցքային գաղափարներն էին՝ սերը, ընկերությունը, հոգատարությունը, պատասխանատվությունը, մարդկային հարաբերություններն ու իրական արժեքները տեսնելու կարողությունը։ Սակայն այս անգամ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ» հանդիսատեսին ներկայացավ նոր մեկնաբանությամբ՝ հրավիրելով խորհրդավոր ու զարմանահրաշ ճանապարհորդության․ թատերախմբի դերասանները հերոսների կերպարների մեջ ու նրանց միջոցով բացահայտում են կյանքի ամենակարևոր ճշմարտությունները սիրելու, հոգ տանելու, պատասխանատվության և դիմացինին իսկապես ճանաչելու վերաբերյալ։ Հանդիսատեսին փոխանցելով իրենց անկեղծ հույզերը, ապրումներն ու տրամադրությունը՝ նրանք ևս մեկ անգամ մեզ հիշեցնում են, որ ամենակարևոր բաները հաճախ աչքով տեսանելի չեն․ դրանք պետք է կարողանալ տեսնել սրտով։
Համագործակցելու, միմյանց աջակցելու պատրաստակամությունը, թաքնված ներուժն ու հնարավորությունները բացահայտելու միտումներն հատկապես ընդգծում էին ներկայացման ներառական բնույթը։ Դերասաններին հաջողվում էր հանդիսատեսին հաղորդակից դարձնել ոչ միայն ներկայացման գաղափարական ասելիքին, այլև արտահայտել միմյանց լսելու, զգալու, ապրումակցելու և միասին ստեղծագործելու կարողությունը։
ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի նոր բեմադրությունը ոչ միայն հայտնի ստեղծագործության նոր բեմական ընթերցում է, այլև ևս մեկ հնարավորություն՝ արվեստի միջոցով խոսելու ներառականության, մարդկային հարաբերությունների, միմյանց ճանաչելու և ընդունելու կարևորության մասին, ինչպես նաև գնահատելու դիմացինի մեջ այն, ինչ առաջին հայացքով չես նկատում։
Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նաև ծանոթանալ թատերախմբի մասնակիցների ձեռագործ աշխատանքներին, որոնք ցուցադրված էին դահլիճում։
Ներկայացման մեկնարկը տրված է․ առաջիկայում նախատեսվում է հյուրախաղերով հանդես գալ ՀՀ մարզերի դպրոցներում՝ «Փոքրիկ իշխանի» պատմությունը նորից հիշեցնելու պատանի հանդիսատեսին և փոխանցելու ներկայացման կարևոր ուղերձները, որոնք այսօր էլ շարունակում են մնալ արդիական։
04.10.2026


