Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հյուրընկալել էր Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի երիտասարդ մասնակիցներին։
Հանդիպման նպատակը այլընտրանքային թերապիայի ոլորտում ՀՄԿ-ի արդյունավետ մեթոդներին ու փորձին ծանոթանալն էր։
Հյուրերին հետաքրքրեցին Կենտրոնի կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նրանք այցելեցին կավի սենյակ, ծանոթացան երեխաների հետ կավով աշխատելու առանձնահատկություններին, ապա հնարավորություն ունեցան նաև սեփական ձեռքերով աշխատել կավի հետ, գործնականում զգալ կավից տարբեր առարկաներ պատրաստելու դրական ներգործությունը անձի հուզազգայական աշխարհի վրա։ Այնուհետև ուսումնասիրեցին կինեզոթերապիայի ժամանակակից մոտեցումները։
Կենտրոնի դրամաթերապիայի և պարային թերապիայի մասնագետները ներկայացրեցին երեխաների հետ աշխատելու իրենց լավագույն փորձը՝ միաժամանակ ուսանողներին ներգրավելով թատրոնի, պարի և, առհասարակ, արվեստի աշխարհ, ցույց տալով արտթերապիայի դրական ազդեցությունը հաղորդակցման և համագործակցային հմտությունների զարգացման վրա՝ նպաստելով հուզական լարվածության թուլացմանը և աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Երիտասարդներն առանձնակի հետաքրքրությամբ ծանոթացան ՀՄԿ-ի մասնագետների կողմից պատրաստված զարգացնող խաղերին ու դիդակտիկ պարագաներին, որոնց գրագետ գունային համադրումներն ու յուրօրինակ լուծումները նրանց գրավում էին ոչ պակաս, քան երեխաներին:
Օրը հագեցած էր հիշարժան և հետաքրքիր տպավորություններով։