Ուսուցչի օրվան ընդառաջ՝ 2026թ․ հոկտեմբերի 3-ին Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Ընթերցանությունը բոլոր դասերին․ ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ 2026-2027 ուսումնական տարին ընթերցանության տարի հռչակելու համատեքստում։
Համաժողովի նպատակն էր ի մի բերել մանկավարժական համայնքի ներուժը և ռեսուրսները՝ զարգացնելու սովորողների կարողությունները՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար մտածողության ձևավորում։
Համաժողովին մասնակցում էր շուրջ 700 ուսուցիչ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց ուսուցիչների մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման հնարավորությունը՝ ընդգծելով, որ ժամանակակից կրթությունը պետք է նպաստի ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև սովորողի ինքնուրույն մտածելու, վերլուծելու և խնդիրներ լուծելու կարողությունների զարգացմանը։ Նա շեշտեց գիտելիքը գործնական հմտության վերածելու և ուսուցանվող բովանդակության՝ կյանքի հետ կապը երեխաների համար տեսանելի դարձնելու անհրաժեշտությունը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին ամենօրյա ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ուսուցչի աշխատանքի ամենամեծ գնահատականը հետաքրքրված, մոտիվացված և սովորելու ցանկություն ունեցող երեխան է։
«Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց 21-րդ դարում ընթերցանության առանձնահատկություններին, դասագրքերի և գեղարվեստական տեքստերի ընկալմանը, թվային միջավայրում ընթերցանության խնդիրներին և ժամանակակից կրթության մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցերի։
Տեղի ունեցավ նաև Ուսուցչի օրվան նվիրված պարգևատրման արարողություն, որի շրջանակում պարգևատրվեցին մի շարք ուսուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Տարվա լավագույնները 2025-2026» ուսումնական տարվա մրցույթի հաղթողները։
Ուրախությամբ արձանագրում ենք, որ «Տարվա լավագույնները 2025-2026» մրցույթի շրջանակում պարգևատրվածների թվում էին նաև մեր գործընկերները, մասնավորապես՝
- ✦ «ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբան Նազելի Սողոմոնյանը։
- ✦ «ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հատուկ մանկավարժ Սիրարփի Խաչատրյանը։
- ✦ «ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի սոցիալական մանկավարժ Լուսինե Տոնոյանը։
Ջերմորեն շնորհավորում ենք մեր գործընկերներին այս կարևոր ձեռքբերման առթիվ՝ մաղթելով մասնագիտական նոր հաջողություններ իրենց կարևոր առաքելությունը շարունակելու և կրթական միջավայրում նոր արժեքներ ստեղծելու ճանապարհին։
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջից
05.10.2026


