2024թ․ հուլիսի 16-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում։
Հանդիպմանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական գծով տեղակալներ Ստեֆանիա Ջանինին և Էռնեստո Օտտոնեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, Կենտրոնի տարբեր մասնագետներ, հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող հոգեբաններ և ուսուցիչներ։
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Լ․Մնացականյանը հանգամանալիորեն ներկայացրեց ծրագրի շրջանակներում ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների կողմից իրականացված աշխատանքները, անդրադարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ մշակված «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը /MHPSS/ կրթության ոլորտում» ոլորտային ուղեցույցին՝ կարևորելով համակարգային մոտեցման ապահովումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ կրթության մեջ ներառման գործում, խոսեց ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների, նրանց հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման, դրա արդյունքներով ՀՄԿ-ի կողմից մշակված դասընթացի մոդուլով իրականացված վերապատրաստումների, մշտադիտարկումների, ինչպես նաև 2024թ․ սեպտեմբերից աշակերտների հետ նախատեսվող աշխատանքների մասին։
Ս․ Ջանինին շնորհակալություն հայտնեց ՀՄԿ ղեկավարությանն իրականացված աշխատանքների և դրանց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսլականին հաջողությամբ համադրվելու համար։ Նա կարևորեց ՀՄԿ-ի հետ համագործակցությունը Հայաստանում տեղի ունեցող կրթական գործընթացների համապատկերում՝ ընդգծելով նման ծրագրերի անհրաժեշտությունը շարունակական կրթության իրականացման գործընթացում։
ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ այս համագործակցությունը կլինի շարունակական՝ կարևորելով իրականացվող ծրագրի արդյունավետությունը և պետական, և միջպետական մակարդակում։
Ծրագրի մասնակից հոգեբաններն ու ուսուցիչներն արտահայտեցին իրենց ոգևորությունն ու դիտարկումները ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների առնչությամբ։ Մասնավորապես խոսեցին սովորողների հետ գործնական աշխատանքների դրական արդյունքների և արդյունավետության մասին։ Անդրադարձ կատարվեց հոգեբան-ուսուցիչ համագործակցության մեխանիզմներին, դրանց արդյունավետ գործարկման հնարավորություններին։ Նրանք նաև հանդես եկան արտակարգ իրավիճակներում երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը վերաբերող կառուցողական առաջարկություններով։
16.07.2024