2024թ․ դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության ոլորտում աջակցության գնահատման առաքելության» ծրագրի շրջանակում իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Արտակարգ իրավիճակների պայմաններում պատրաստակամության և դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում «Դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական առողջության ներդրման» ծրագրերի ամփոփումը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի նպատակն էր ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների սահուն ինտեգրումը կրթական գործընթացին նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով, նպաստել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանը և նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը՝ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտում հոգեբանների և ուսուցիչների գիտելիքների հարստացման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և արդիականացման միջոցով՝ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելով նաև երեխաների, մանկավարժների ու ծնողների հետ։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։
Ողջունելով ներկաներին՝ Ա Սվաջյանը կարևորեց կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների աջակցությանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց ջանքերի և համագործակցության շնորհիվ նախանշված գործընթացները դառնում են ավելի թիրախային և նպատակաուղղված։ Ի մի բերելով կատարված աշխատանքները՝ նա անդրադարձավ տեղահանված երեխաների՝ կրթական գործընթացին ներգրավման ուղղությամբ դեռևս առկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանը միտված քայլերին, մանկավարժների ու հոգեբանների կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված վերապատրաստումներին՝ կարևորելով ՀՄԿ-ի կողմից իրականացված գործողությունները։ Տիկին Սվաջյանն ընդգծեց դպրոցներում հոգեբանների առկայության ապահովման անհրաժեշտությունը, առանձնակի շեշտելով 2024թ-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանի պարտադիր հաստիքների ներդրուման հանգամանքը, որի արդյունքում բոլոր սովորողներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն։
ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանը շնորհավորեց ներկաներին ծրագրի կայացման և իրականացման առիթով և շնորհակալություն հայտնեց գործընկերներին համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար։ Կարևորելով համակարգային մոտեցման ապահովումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ կրթության մեջ ներառման գործում, նա խոսեց երեխաների, նրանց հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման, դրա արդյունքներով ՀՄԿ-ի կողմից մշակված դասընթացի մոդուլով իրականացված վերապատրաստումների, մշտադիտարկումների, ինչպես նաև աշակերտների հետ իրականացված աշխատանքների մասին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Բարոզո Հիրատա Ժանաինա Հացոյը, տեսակապով միանալով հանդիպմանը, ողջունեց ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը և իրականացված աշխատանքները, որոնք արդեն իսկ թույլ են տալիս որոշակի եզրահանգումներ կատարել դրանց արդյունավետության և հետագա քայլերի մասին։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը մանրամասնորեն ներկայացրեց ծրագիրը, անդրադարձավ նրա բաղկացուցիչներին, ծրագրի շրջանակում իրականացված վերապատրաստումներին ու մշտադիտարկումներին։ Նա տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում վերապատրաստվել են 632 հաստատությունների 6834 ուսուցիչ, 690 հոգեբան, դասընթացներին մասնակցել է շուրջ 37920 աշակերտ, ընդհանուր՝ 654 դասընթաց։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի կողմից մշակված «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկի շնորհանդեսը, որն ուղղված է նպաստելու երեխաների համար և նրանց հետ որակյալ ծրագրերի իրականացմանը, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության վերաբերյալ ուսուցիչների գիտելիքների կատարելագործմանը։ Ձեռնարկի բովանդակությունը հիմնված է արտակարգ իրավիճակներում հոգեսոցիալական աջակցության և երեխաների պաշտպանությանն առնչվող տեղական ու միջազգային փորձի վրա։ Ձեռնարկում անդրադարձ է կատարվում հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության կարևորության պատճառներին, դպրոցներում այդ աջակցության իրականացման մեխանիզմներին, երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացման ծրագրի կառուցվածքին։ Ներառված են նաև վարժություններ, որոնք կազմված են սովորողների տարիքային զարգացման չափանիշներին, նրանց հետաքրքրություններին, առանձնահատկություններին և կարիքներին համապատասխան։
Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ պանելային քննարկում «Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն» թեմայով, որի խոսնակներն էին ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ա․ Մուրադյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ա․ Պողոսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ազգային խորհրդատու Մ․ Խուրշուդյանը, Երևանի և մարզերի տարբեր դպրոցների տնօրեններ, հոգեբաններ, ուսուցիչներ, սովորողներ։ Նրանք ներկայացրեցին երեխաների հոգեկան առողջության ու հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ իրենց կառույցների կողմից իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Ծրագրի և նրա արդյունավետության վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին տարբեր դպրոցների ուսուցիչներ, հոգեբաններ, ինչպես նաև աշակերտներ, ովքեր կիսվեցին դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով և հմտություններով։ Սովորողները առանձնակի ոգևորությամբ պատմեցին ծրագրի հաջողությունների և ձեռքբերումների մասին, մասնավորապես՝ անդրադարձան մի շարք մեթոդների, որոնց օգնությամբ, օրինակ, կարողանում են հաղթահարել ուսումնառության ընթացքում առաջացած կոնֆլիկտները։
Տոկունությունը կարողություն է, որը հնարավորություն է տալիս հաղթահարել կյանքի դժվարությունները։ Այն սովորողները, որոնք տոկուն են, կյանքի դժվարությունները հաղթահարում են՝ օգտագործելով սեփական ռեսուրսները, ներառելով սոցիալական աջակցությունը, ռազմավարությունները, խնդիրների հաղթահարման հնարամտությունը և լուծուﬓեր գտնելու կարողությունը։
23․12.2024