Գիրք նվիրելու օրվա խորհուրդը կարևորելով՝ ձեզ ենք ներկայացնում մեր հրատարակություններից «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ձեռնարկը։
Մանկավարժների և հոգեբանների համար նախատեսված այս ձեռնարկը մշակվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձագետների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսական աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։
Ձեռնարկի հեղինակներն են՝ Հ․Ադամյան, Ա.Մանուկյան, Ա.Գարեգինյան, Լ.Մարգարյան, մասնագիտական խմբագիր՝ Լ․Մնացականյան։
Սույն ձեռնարկն ուղղված է նպաստելու երեխաների համար և նրանց հետ որակյալ ծրագրերի իրականացմանը, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության վերաբերյալ ուսուցիչների գիտելիքների կատարելագործմանը։
Ձեռնարկի բովանդակությունը հիմնված է արտակարգ իրավիճակներում հոգեսոցիալական աջակցության և երեխաների պաշտպանությանն առնչվող տեղական ու միջազգային փորձի վրա։ Այն ընդհանրական տեղեկատվություն է փոխանցում սովորողների հոգեսոցիալական տոկունության զարգացմանը նպաստող կարևոր ունակությունների վերաբերյալ և կօգնի ուսուցիչներին առավել արդյունավետությամբ իրականացնել ձեռնարկում ներկայացված ծրագրերը, որոնք միտված են ապահովելու սովորողների հոգեսոցիալական տոկունության բարձրացմանն ուղղված հմտությունների զարգացումն ըստ հետևյալ ոլորտների՝
- ✦ սոցիալ-հուզական զարգացում,
- ✦ սթրեսի կառավարում,
- ✦ փոխհարաբերություններ և հաղորդակցում,
- ✦ ինքնորոշում,
- ✦ դպրոցը որպես սոցիալ-հուզական միջավայր:
Ձեռնարկում անդրադարձ է կատարվում հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության կարևորության պատճառներին, դպրոցներում այդ աջակցության իրականացման մեխանիզմներին, երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացման ծրագրի կառուցվածքին: Ներառված են նաև վարժություններ, որոնք կազմված են սովորողների տարիքային զարգացման չափանիշներին, նրանց հետաքրքրություններին, առանձնահատկություններին և կարիքներին համապատասխան:
Ձեռնարկը բաղկացած է երեք մասից՝
- ✦ տեղեկատվություն խմբավարի համար,
- ✦ երեխաների տոկունության բարձրացման ծրագիր,
- ✦ խմբային և անհատական միջամտության տեխնիկաներ տրավմատիկ փորձառություն ունեցող սովորողների հետ աշխատանքում:
Վստահ ենք՝ այն կարող է օգտակար ռեսուրս լինել երեխաների հոգեսոցիալական բարեկեցությունն ամրապնդելու, տոկունության ձևավորման և կայուն փոփոխությունների հասնելու համար:
Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՄԿ կայքում հետևյալ հղումով`
«Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկ
19.02.2025