Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում՝ հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիս-հունիս ամիսներին վերապատրաստված դպրոցների հոգեբանները իրականացրեցին «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» թեմայով շուրջ 220 դասընթաց իրենց հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար։
Դասընթացներն իրականացվեցին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում, որոնց մասնակցեցին շուրջ 2200 ուսուցիչ։
Իրականացված դասընթացների նպատակն էր նպաստել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը՝ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտում հոգեբանների և ուսուցիչների գիտելիքների հարստացման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և արդիականացման միջոցով։
Դասընթացներն անցկացվել են առկա ձևաչափով՝ համալրելով մասնակիցների գիտելիքները հետևյալ ենթաթեմաների շուրջ.
- ✦ Հոգեկան առողջությունը և հոգեբանական աջակցությունը դպրոցներում
- ✦ Ինքնորոշում
- ✦ Սոցիալ-հուզական զարգացում
- ✦ Հույզերի և զգացմունքների կառավարում
- ✦ Փոխհարաբերություններ և հաղորդակցում
- ✦ Դպրոցը որպես սոցիալ-հուզական միջավայր
- ✦ Խմբային և անհատական միջամտության տեխնիկաներ տրավմատիկ փորձառություն ունեցող սովորողների հետ։
Դասընթացների ժամանակ կիրառվեցին ինտերակտիվ մեթոդներ՝ սցենարներ, դերախաղեր, մտքերի (ասոցիատիվ) սխեմաների կազմում, քննարկումներ և վերլուծություն՝ գործնականում առավելագույն հնարավորություններ ապահովելու համար: Մասնակիցներին հնարավորություն տրվեց ձեռք բերել նոր գիտելիքներ, գործնականում կիրառել սովորածը, փորձարկել նոր մոտեցումները, ապահով միջավայրում արձագանքել գործընկերներին ու դասընթացավարներին և հետադարձ կապ ստանալ նրանցից։
Վերապատրաստման դասընթացները շարունակվելու են օգոստոս ամսին, որի արդյունքում վերապատրաստված ուսուցիչները 2024-2025 ուսումնական տարվա սեպտեմբեր ամսից մեկնարկելու են շուրջ 37000 սովորողների հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը միտված աշխատանքների իրականացումը ուսումնական ծրագրով։
04.08.2024