«ՄԵԿ ՔԱՅԼ ԷԼ ԱՌԱՋ ԴԵՊԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»
Արփին վեց տարեկան է, ունի լսողության խնդիր: Արփին «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» փորձարարական նախագծում ընդգրկված լսողության խանգարումներ ունեցող 15 երեխաներից մեկն է։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվում է «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ամբողջական ինտեգրմանը հանրակրթական դպրոցներում։
«2025 թվականին լսողության խնդիրներ ունեցող սովորողների հատուկ դպրոցը կվերակազմակերպվի հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի։ Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի գործունեության նպատակը կենտրոնում ընդգրկված յուրաքանչյուր սովորողի կրթության ապահովումն է՝ հաշվի առնելով հանրակրթական առարկայական չափորոշիչները և ծրագրերը, սովորողի տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները, ինչպես նաև հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդգրկված սովորողների կրթությանն աջակցությունը»,- նշում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը:
2022 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում իրականացված փոփոխությունների և լրացումների արդյունքում ստեղծվել է այն օրենսդրական հենքը, որը կապահովի հատուկ դպրոցները ռեսուրս-կենտրոնների վերափոխելու գործընթացը, ներառյալ մանկավարժահոգեբանական ուղղությամբ իրականացվող աշխատանքները` դասընթացներ ՏՄԱԿ-ների աշխատողների, ուսուցիչների և ծնողների համար, վերապատրաստումներ, խորհրդատվություններ, ժեստերի լեզվի ուսուցում, ինչպես նաև խելամիտ հարմարեցումների, հասանելի տեղեկատվական հարթակների և նյութատեխնիկական բազայի ստեղծումը և տրամադրումը ուսումնական հաստատություններին:
Ռեսուրս կենտրոնների շնորհիվ հնարավոր կլինի մշակել երեխայի հետ աշխատելու արդյունավետ ռազմավարություններ, որպեսզի անկախ տարբերություններից՝ բոլոր երեխաներն ստանան իրենց հնարավորություններին համապատասխան կրթություն՝ իրացնելով իրենց ողջ ներուժը։
Նախագիծն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ Շվեյցարիայի ազգային կոմիտեի ֆինանանսավորմամբ։
Սկզբնաղբյուր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքէջ
28.12.2024