2025թ․ հունիսի 12-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը, որի համաձայն 2025թ֊ի 4-րդ եռամսյակում նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026թ֊ից սկսած՝ հատուկ մանկավարժների համար։
Կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը` հնարավորություն տալով տրամադրելու որակյալ մասնագիտական ծառայություններ։
Ատեստավորմանը կարող են մասնակցել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները:
Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրամադրվի ըստ ցուցաբերած արդյունքի՝ հաշվարկը կատարելով դրույքային ծանրաբեռնվածության նկատմամբ.
- ✦ 90-100% արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ
- ✦ 80-89% արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ
- ✦ 70-79% արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ
Կամավոր ատեստավորման ընթացքում, ըստ մասնագետի ցուցաբերած արդյունքի, հավելավճարը սահմանվում է հինգ տարի ժամկետով: Աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հավելավճարը պահպանվում է։
Ատեստավորումն իրականացվելու է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով:
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
12.06.2025