ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
2025թ․ հունիսի 24-ին անցկացվեց հերթական առցանց դասընթացը ծնողների համար «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» թեմայով։
Դասընթացավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը։
Դասընթացն ուղղված էր վեր հանելու այն հիմնախնդիրներն ու մարտահրավերները, որոնց բախվում է ծնողական համայնքը 21-րդ դարում։ Խոսքը ոչ միայն ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին է, այլև թվային դարաշրջանում երեխաների տարիքային մանկավարժահոգեբանական առանձնահատկությունների, նրանց առնչվող բազմաշերտ հիմնախնդիրների, որոնք լուրջ հետազոտության և ռիսկերի կառավարման պահանջներ են առաջադրում կրթությանն ու դաստիարակությանն առհասարակ։
Դասընթացավարն առանձնացրեց այն հիմնական որակները, որոնք բնորոշում են տարիքային տարբեր խմբերի երեխաներին 21-րդ դարում՝ սկսած հուզակամային որակների ձևավորման միտումներից, հանդուրժողականության, ապրումակցման, կարեկցանքի, այլասիրության դրսևորումներից, պահանջմունքներից մինչև հոգեբանական դժվարություններ, որոնք մեծապես պայմանավորված են արդի տեխնոլոգիաներով, մասնավորապես դրանց թվայնացման գործընթացներով և թվային գործիքների՝ երեխաներին հասանելիությամբ։
Բանախոսն անդրադարձավ իմացական, ընկալման, մտածողական գործընթացների, կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություններին, այդ ուղղությամբ սեփական հետազոտության արդյունքներին, որոնք ուղղված են երեխաների՝ ուշադրությունը կենտրոնացնելու, բանավոր խոսքը ճշգրիտ ընկալելու, ուսումնական նյութը մտապահելու, մտքերն ու հույզերը բանավոր խոսքով արտահայտելու, ուսումնական հաստատություններում կարգապահական նորմերին հետևելու, ուսումնական մոտիվացիայի դժվարություններին ու խնդիրներին՝ առաջարկելով մասնագիտական լուծումներ։
Խոսելով այն հիմնական բնութագրիչների մասին, որոնք բնորոշում են թվային դարաշրջանի սերնդին, բանախոսը ներկայացրեց ծնող-երեխա փոխհարաբերությունների կարգավորմանն ուղղված մեթոդաբանություն և գործիքներ, որոնք կօգնեն ծնողներին երեխաների հետ իրենց փոխհարաբերությունների կառուցման ու կարգավորման գործընթացներում։
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ծնողավարման տարբեր մոտեցումներին՝ դիտարկելով դրանք նոր դարաշրջանի երեխայի տարբերվող մտածելակերպի ու արժեքային համակարգի տեսանկյունից և ամփոփելով հարցադրումը, թե ինչպես արձագանքել ժամանակակից երեխայի զարգացման և տարիքային փոփոխություններին, կառավարել այդ զարգացումները, ապահովել նրա հաջող և ակտիվ սոցիալականացումը։
Հետևեք մեր էջին՝ «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայով վերապատրաստման դասընթացների շրջանակներում իրականացվող հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
27.06.2025