2025թ․ սեպտեմբերի 8-10-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող վերապատրաստման եռօրյա դասընթացի երկրորդ փուլը՝ ՀՄԿ և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների համար։
Դասընթացներն ուղղված էին հոգեբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ նպաստելու բռնությունից և բուլինգից զերծ, ապահով ու պաշտպանված կրթական միջավայրի և բոլոր երեխաների իրավունքների իրացման արդյունավետ մեխանիզմների ապահովմանը։
Դասընթացավարներն էին իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, հոգեբան Անահիտ Խաչատրյանը և հոգեբույժ Հարություն Սիմոնյանը։
Վերապատրաստումների հիմնական թեմաները վերաբերում էին․
- ✦ երեխայի նկատմամբ բռնության հասկացությանը, տեսակներին և հատկանիշներին
- ✦ բռնության և բուլինգի քրեորեն պատժելի որոշ դրսևորումներին
- ✦ պաշտոնատար անձի կողմից թույլ տրվող զանցանքներին ու հանցանքներին, դրանց տարանջատման մեխանիզմներին
- ✦ ուսումնասիրություն անցկացնելիս մարդու իրավունքների ապահովման և երեխաների հետ վարվեցողության կանոններին
- ✦ բուլինգի նրա տեսակներին ու նույնականացմանը, հոգեկան առողջության վրա բուլինգի ազդեցությանը և երեխայակենտրոն մոտեցումներին
- ✦ բուլինգի դեպքերի ուսումնասիրման, արդյունքների վերլուծության ու եզրակացություն կազմելու ընթացակարգերին ու մեթոդաբանությանը։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ՝ «Ուսուցիչների և երեխաների կարողությունների զարգացում անձնական տվյալների պաշտպանության և բուլինգի (կիբերբուլինգի) կանխարգելման ուղղությամբ» վերապատրաստումներին մասնակցելու համար։
12.09.2025