2025թ․ հոկտեմբերի 27-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում «Կոնսորտ Արմենիա» հասարակական կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ֊ի համագործակցությամբ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի փոխակերպում աջակցող և այլընտրանքային հաղորդակցման միջոցներով» ծրագրի շրջանակում անցկացվեց ՀՄԿ մասնագետների համար իրականացվող դասընթացների շարքի ամփոփիչ հանդիպումը։
Դասընթացավարն էր Consort World ընկերության հիմնադիր Քամիլ Մաթթան։ Դասընթացներն ուղղված էին այլընտրանքային ու լրացուցիչ հաղորդակցման (AAC) ժամանակակից տեխնոլոգիաների և աջակցող միջոցների (AT) հնարավորությունների բացահայտմանը, դրանց արդյունավետ կիրառությանը հատուկ կարիքներ ունեցող սովորողների հետ աշխատանքում։
Նպատակն էր օգնել մասնագետներին հատուկ կարիքներ ունեցող անձանց կյանքի որակը բարելավելու նոր հմտություններ ձեռք բերել՝ ընդլայնելով նրանց արտահայտվելու, սովորելու և իրենց ներուժն օգտագործելու հնարավորությունները։
«Կոնսորտ Արմենիայի» մասնագետները մեր գործընկերներին փոխանցեցին նորագույն տեխնոլոգիաների և միջազգային փորձի նորարարական մոտեցումները հետևյալ շեշտադրումներով․
- ✦ ինչպես բացահայտել երեխայի կրթության առանձնահատուկ պայմանները` մասնավորապես աջակցող սարքերի և տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը,
- ✦ ինչպես ընտրել ճիշտ աջակցող միջոցներ,
- ✦ որն է աջակցող տեխնոլոգիաների դերը ներառական կրթության ապահովման գործում։
Նախաձեռնությունը միտված էր տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովմանը յուրաքանչյուրի ուժեղ կողմերը բացահայտելու և նրա ներուժի լիարժեք իրացման միջոցով։
Ամփոփիչ հանդիպման ժամանակ ի մի բերվեցին իրականացված աշխատանքները։ Մասնակիցները հավաստագրեր ստացան «Կոնսորտ Արմենիա»-ի կողմից։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա համագործակցության և հանդիպումների շարունակականության ուղղությամբ։
28․07.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				