Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ 2025թ. նոյեմբերի 13-14-ը իրականացվեց երկօրյա դասընթաց «ՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ․ ՄՏԱՎՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով։
Դասընթացը նախատեսված էր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հատուկ մանկավարժների համար։ Նպատակն էր նպաստել մասնագետների՝ մտավոր հաշմանդամություն ունեցող սովորողների համար սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված թեմաների մատչելի և հարմարեցված ուսուցման կազմակերպման կարողությունների զարգացմանը։
Դասընթացավարներն էին Արաբկիր բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ծրագրերի համակարգող Եվա Մովսեսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս և ակադեմիական համակարգող, ներառական կրթության և մենթորության փորձագետ ու վերապատրաստող Շողիկ Քեոշկերյանը, ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, հատուկ մանկավարժ Լուսինե Հակոբյանը։
Բացման խոսքով հանդես եկան Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՄԿ տնօրենը կարևորեց դեռահասների սեռական դաստիարակության ուղղությամբ իրականացվող գործողությունները՝ մասնավորապես անվտանգ և ապահով կրթական միջավայրի համատեքստում դիտարկելով խնդրի արդիականությունը։
Դասընթացավարներն անդրադարձան դեռահասների սեռական դաստիարակությանն առնչվող այնպիսի առանցքային թեմաների, ինչպիսիք են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների վերարտադրողական և սեռական առողջության ուսուցումը՝ առողջ ապրելակերպի ձևավորման համատեքստում, փորձագետների կողմից մշակված հարմարեցված ուսումնական նյութերը «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի շրջանակներում թեմատիկ դասապլանների, դասերի նպատակների և վերջնարդյունքների ներկայացմամբ, դեռահասային տարիքի առանձնահատկություններով պայմանավորված՝ երեխայի կյանքում տեղի ունեցող ֆիզիկական և հոգեբանական ու սոցիալական փոփոխություններին։ Ներկայացվեցին խնդրի արդիականությունից բխող ռազմավարություններ և դրանց կիրառման մեխանիզմները՝ ուշադրության առանցքում պահելով երեխաների ու նաև ծնողների իրազեկվածության բարձրացումը՝ որպես պաշտպանական մեխանիզմ։ Կարևորվեց սովորողներին համապատասխան տեղեկատվության և ինքնակառավարման հմտությունների փոխանցումը։
Անդրադարձ կատարվեց այս համատեքստում ինտելեկտուալ խնդիրներ ունեցող սովորողների ընկալման առանձնահատկություններով, նրանց խոցելիությամբ պայմանավորված դժվարություններին՝ դիտարկելով սեռական և վերարտադրողական առողջության կարիքների գնահատումը՝ որպես դեպքերի բացահայտման և բռնության կանխարգելման արդյունավետ գործիք։
Դասընթացավարները ներկայացրեցին սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ գնահատման գործիքակազմի կառուցվածքը, կիրառման սկզբունքները, նրա դերը անհատական ուսուցման պլանավորման գործընթացում, ինչպես նաև գնահատման արդյունքների և ԱՈՒՊ-ի կապը։
Դասընթացն ուղեկցվում էր ինտերակտիվ աշխատարաններով, տեսանյութերի դիտմամբ, գործնական աշխատանքներով և հարցուպատասխանով, որոնց ընթացքում մասնակիցները հայտնեցին իրենց դիտարկումներն ու մասնագիտական փորձի արդյունքում ձևավորված տեսակետները։ Հանդիպումն ամփոփվեց կառուցողական քննարկումներով՝ մասնակիցների մասնագիտական զինանոցը համալրելով անվտանգ և ապահով կրթական միջավայրին ուղղված հմտություններով։
17.11.2025

