Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է ծնողական համայնքի հետ համագործակցությանն ու նրանց իրազեկվածության բարձրացմանն ուղղված դասընթացների շարքը։
2025թ․ նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ հերթական առցանց դասընթացը «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՔԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» թեմայով, որն իրականացվում է «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայի շրջանակում։
Դասընթացավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Սյուզաննա Պետրոսյանը։
Դասընթացը միտված էր ծնողների և մասնագետների կարողությունների զարգացմանը՝ աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների տարբեր վարքային դրսևորումները ճանաչելու, դրանց պատճառները բացահայտելու և արդյունավետ արձագանքման մեխանիզմներ մշակելու հմտությունների լավարկմանը՝ ապահովելով առավել նպաստավոր միջավայր նրանց դրական վարքի ամրապնդման, հաղորդակցման և սոցիալական հմտությունների զարգացման համար։
Դասընթացավարը հանգամանալիորեն անդրադարձավ վարքի սահմանմանը, նրա ուսումնասիրության կարևորությանը, վարքային օրինաչափությունների՝ դրդապատճառների, վարքային դրսևորումների և հետևանքների հանգամանալի ներկայացմանն ու վերլուծությանը՝ մանրամասնելով վարքի գործառույթները և համապատասխան մասնագիտական գիտելիքներ փոխանցելով դրանցից յուրաքանչյուրի դեպքում նախընտրելի գործողությունների վերաբերյալ։
Մասնակիցներն իրազեկվեցին այն մասին, թե ինչ է վարքը, ինչու է կարևոր ուսումնասիրել այն, և ինչ նպատակի են միտված կիրառական վարքային վերլուծությունները։
Դիտարկվեցին երեխաների տարբեր վարքային դրսևորումները, դրական վարքի խրախուսման, ինչպես նաև անցանկալի վարքի կանխարգելման մեխանիզմներն ու տեխնիկաները, ինքնավերահսկման արդյունավետ մեթոդները, որոնք ուղղված են երեխաների մոտ իրավիճակին համապատասխան վարք դրսևորելու հմտությունների ձևավորմանը։ Կարևորվեց միջավայրի կազմակերպումը՝ որպես դրական վարքի ձևավորման կարևոր գործոն։
Դասընթացն ուղեկցվում էր մասնակիցների ակտիվ հարցուպատասխանով, մասնագիտական գործունեության ընթացքում կուտակված փորձի վերլուծությամբ ու քննարկումներով, որոնք ուղղված էին երեխայի վարքային, հուզական և սոցիալական ներառման գործընթացների բարելավմանը։
28.11.2025

