Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Ռեսուրս սենյակ» փորձարարական ծրագրի շրջանակում անցկացվեցին ««ՌԵՍՈՒՐՍ ՍԵՆՅԱԿ» ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» թեմայով վերապատրաստման դասընթացներ ծրագրում ներգրավված՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20, Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 և Գյումրու Վահան Տերյանի անվան թիվ 15 հիմնական դպրոցներում։
Դասընթացավարն էր ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, հատուկ մանկավարժ Լուսինե Հակոբյանը։ Վերապատրաստումներին մասնակցում էին նշված դպրոցների մանկավարժական և վարչական անձնակազմը, ծրագրում ընդգրկված սովորողների հետ աշխատող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետները և ծնողները։
Դասընթացի նպատակն էր զարգացնել և կատարելագործել «Ռեսուրս սենյակ» փորձարարական ծրագրում ներգրավված մանկավարժական աշխատողների և ծնողների մասնագիտական հմտությունները՝ նպաստելու մտավոր (ինտելեկտուալ) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների կրթություն ստանալու իրավունքի իրացմանը։
Վերապատրաստումներն ունեին ընդհանուր գործնական ուղղվածություն․ մասնակիցներին փոխանցվեցին մտավոր (ինտելեկտուալ) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների հետ աշխատանքի տարբեր ռազմավարություններ, հմտություններ ու տեխնիկաներ, իրականացվեցին գործնական խմբային աշխատանքներ տարբեր ձևաչափերով, ներկայացվեցին նրանց ուսումնառության համընդհանուր ձևավորման (UDL) պայմանները, միջավայրի մատչելիությունն ու խելամիտ հարմարեցումները՝ աջակցող սարքերի և տեխնոլոգիաների, հարմարեցված նյութերի և մասնագիտացված ուսուցման մեթոդների միջոցով։
Դասընթացներն ուղեկցվում էին հետաքրքիր քննարկումներով, որոնց ընթացքում փորձարարական ծրագրում ընդգրկված սովորողների ծնողները կիսվեցին վերջինիս վերաբերյալ իրենց դրական կարծիքներով՝ փաստելով ծրագրի արդյունավետությունն ու կարևորությունը։
10.12.2025


