ԴԱՐՁՐԵՔ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԱՌՕՐՅԱՅԻ ՄԻ ՄԱՍԸ
Հայ իրականության մեջ Թումանյանի անվան հետ է ասոցացվում գիրքն առհասարակ, իսկ նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը վերարժևորվել է նոր խորհրդով և նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այս օրը նաև առիթ է անդրադառնալու Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող գրքաստեղծ գործունեությանը։
Ի թիվս մյուս գործառույթների, Կենտրոնն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նաև այս ոլորտում՝ ստեղծելով գրականություն և հարմարեցված ուսումնաօժանդակ նյութեր երեխաների և նրանց հետ աշխատող ուսուցիչների, ուսուցչի օգնականների, մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող տարբեր մասնագետների, ինչպես նաև ծնողների համար։ Դրանք ուղղված են երեխաների հետ աշխատելու նոր սկզբունքների, ռազմավարությունների, մոտեցումների ու մեխանիզմների, դրանց գործնական կիրառության հմտությունների զարգացմանը՝ ապահովելով բոլոր երեխաների կրթության իրավունքի արդյունավետ իրացումը անվտանգ և ապահով կրթական միջավայրում։
Կարևորելով օրվա խորհուրդը և գրքի անվիճելի ազդեցությունը առօրյա կյանքի, գիտելիքի, երևակայության, մտավոր գործընթացների զարգացման, անձնային աճի, հաղորդակցության, կեցության բոլոր ձևերի ու դրսևորումների վրա՝ մեր գործընկեր-ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ՀՄԿ կայքում գործող «Առցանց գրադարան» բաժնում տեղադրված եռալեզու գրականությունը, որտեղ, ի թիվս այլ գրքերի և ուղեցույցների, առկա են նաև ՀՄԿ մասնագետների կողմից մշակված և հրապարակված գրքերի, ձեռնարկների, ուղեցույցների, աշխատանքային գիրք-տետրերի էլեկտրոնային տարբերակները։ Դրանցում ներառված են մեթոդական ցուցումներ ու խորհուրդներ, որոնք ուղղված են նպաստելու կրթության մատչելիության ապահովմանը։ Նշենք, որ ձեռնարկները երաշխավորած են որպես ուսումնական նյութ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից։
Ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՄԿ կայքի «Հրատարակություններ» բաժնում։
Դարձրեք ընթերցանությունը ձեր առօրյայի մի մասը։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համահունչ բովանդակային նյութերի ստեղծման գործընթացը:
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կայքին (www.hmk.am) պարտադիր է:
19.02.2026

