2026թ․ մարտի 16-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպումը տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների հետ, որը վարում էր ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի, գնահատում իրականացնող մասնագիտական ռեսուրսների, մարզային կենտրոնների ռեսուրսների համալրման, հաստիքացուցակների, մասնագետների աշխատավարձերի, ինչպես նաև ՏՄԱԿ-ների կանոնադրությունների փոփոխությունների հետ կապված հարցեր։
Լ․ Մնացականյանն առանձնակի կարևորեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման նպատակով ֆիզիկական միջավայրի մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովման համար մշտադիտարկման գործիքակազմի մշակման և իրականացման մեխանիզմներն ու ընթացակարգերը՝ տեղեկացնելով, որ 2026թ․ ընթացքում նախատեսվում է մշտադիտարկում իրականացնել 522 ուսումնական հաստատություններում։
Հանդիպման ընթացքում տնօրենն անդրադարձավ նաև Անվտանգ և ապահով կրթական միջավայրի ապահովման ուղղությամբ ՀՄԿ-ի կողմից իրականացված վերապատրաստումներին, Երեխաների պաշտպանության (ԵՊ) թիմերի ձևավորման ու գործունեության կազմակերպմանը, մանրամասնեց այս շրջանակում նախատեսվող գործընթացները, մասնավորապես՝ ԵՊ թիմերի ազդեցության արդյունավետության գնահատումը, խոսեց Երևանի դպրոցներում մենթորական աշխատանքների վերսկսման մասին՝ կարևորելով նրանց հետ արդյունավետ համագործակցությունը։ Խնդիրներին համակարգային մոտեցման ապահովման նպատակով անդրադարձ կատարվեց նաև Կենտրոնի Սոցիալ-հոգեբանական անվտանգության ապահովման բաժնի կողմից իրականացվող գործողություններին՝ մասնավորապես սուպերվիզիոն խմբերի ձևավորման, նրանց աշխատանքների և դպրոցների հետ համագործակցության կազմակերպման անհրաժեշտությանը։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը ներկայացրեց «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» մոդուլը՝ անդրադառնալով նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսվող դասընթացներին ու TOT վերապատրաստումներին, ՆՈՒՀ-երի անվտանգ միջավայրի կազմակերպման հայեցակարգին, ինչպես նաև դպրոցների պատասխանատվության ու այդ պատասխանատվությունը կիսելու ՏՄԱԿ-ների գործառույթին։
Կարևորվեց ՏՄԱԿ-ների դերը դպրոցների տնօրենների հետ համագործակցությամբ աշխատանքները կազմակերպելու, ԵՊ թիմերի ձևավորման և գործողությունների պլանավորման ու իրականացման սկզբունքների ու ընթացակարգերի ներկայացման գործում, ընդգծվեց այդ թիմերում ծնողական և աշակերտական խորհուրդների անդամների ընդգրկելու անհրաժեշտությունն ու հանգամանքները, գաղտնիության պահպանման մեխանիզմների մշակումը։ Դիտարկվեցին ԵՊ թիմերի հետ պարբերական հանդիպումների կարևորությանը, ռեսուրսների բաշխման ու աջակցության, դասընթացների իրականացման, ԵՊ թիմերի արդյունավետ գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև դպրոցների տնօրենների վերապատրաստման անհրաժեշտությանն ու նրանց հետ սերտ համագործակցությանը՝ պատասխանատվության գործակիցը մեծացնելու և արդյունավետություն ապահովելու նպատակով։
Հանդիպումն ուղեկցվում էր ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում ՏՄԱԿ-ների տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
24․03.2026


