Օրվա հիմնական ուղերձն է՝ նպաստել նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացմանը՝ ապահովելով հավասար և ակտիվ մասնակցություն հասարակական կյանքում։ Այս օրը կոչված է բարձրացնելու հանրային իրազեկվածությունը Աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող անձանց իրավունքների, արժանապատվության և ներուժի վերաբերյալ։
2026 թվականին Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա միջոցառումներն անցկացվում են «Աուտիզմ և մարդկայնություն․ յուրաքանչյուր կյանք արժեք ունի» կարգախոսով։ Այն ընդգծում է, որ աուտիզմ ունեցող յուրաքանչյուր մարդ ունի հավասար իրավունքներ, կարևորություն և անփոխարինելի դեր հասարակության մեջ։
Այսօր համաշխարհային մոտեցումը զարգացել է «ավելին, քան պարզապես իրազեկվածություն» գաղափարի ուղղությամբ՝ կարևորելով ոչ միայն տեղեկացվածությունը, այլև ընդունումը, ներառականությունը և աջակցությունը։ Մեծ ուշադրություն է դարձվում նյարդաբազմազանությանը՝ որպես ստեղծարարության, դիմադրողականության և նորարար մտածողության կարևոր աղբյուրի։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը պարբերաբար իրականացնում է իրազեկման և մասնագիտական աջակցության ծրագրեր՝ վերապատրաստումների, ծնողավարման դասընթացների, սեմինարների, ինչպես նաև ուսումնական հաստատություններում կազմակերպվող իրազեկող արշավների միջոցով։ Այս նախաձեռնությունները միտված են ապահովելու անվտանգ, ներառական և աջակցող կրթական միջավայր՝ այդ թվում նաև աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների համար, նպաստելով նրանց անկախ կյանքի հմտությունների զարգացմանն ու արդյունավետ սոցիալականացմանը։
Ի դեպ, օրվա խորհրդանշական և լայն տարածում գտած նախաձեռնություններից է «Լուսավորիր կապույտով» արշավը։ Դրա շրջանակում մարդիկ, կազմակերպություններն ու քաղաքները տարբեր ձևերով «կապույտ են դարձնում» իրենց շրջապատը․ հայտնի շենքերն ու տեսարժան վայրերը լուսավորվում են կապույտ գույնով, իսկ մարդիկ կրում են կապույտ հագուստ։ Այս նախաձեռնությունը ոչ միայն տեսանելի աջակցություն է, այլև կարևոր ուղերձ՝ ուղղված Աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող անձանց նկատմամբ հանդուրժողականության և հոգատարության ձևավորմանը` միավորելով բոլորին նույն գաղափարի շուրջ՝ ստեղծել ավելի ներառական և մարդկային հասարակություն։
02.04.2026


