Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է իրազեկող հանդիպումները նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ծնողական համայնքի հետ։
Այս շրջանակում 2026թ․ հունվար-մարտ ամիսներին ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի մասնագետներ Քրիստինե Սահակյանի, Լյուդմիլա Գարեգինյանի և Էլիզա Քեոշկարյանի կողմից իրականացվել են մասնագիտական սեմինարներ ուղղված ծնողավարման հմտությունների զարգացմանը, ծնողների կարողությունների ամրապնդմանը և ընտանիք–կրթական հաստատություն արդյունավետ համագործակցության ձևավորմանը։
Սեմինարներն անցկացվել են Երևանի և Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 14 նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել են շուրջ 400 ծնողներ։
Սեմինարների հիմնական նպատակն էր բարձրացնել ծնողների իրազեկվածությունը երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունների, դրանցով պայմանավորված դժվարությունների ու դրանց հաղթահարման մեթոդների վերաբերյալ, խթանել դրական ծնողավարման մոտեցումների կիրառումը, ինչպես նաև նպաստել երեխաների լիարժեք զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։
Սեմինարների ընթացքում ներկայացվել են թեմաներ, որոնք վերաբերում են`
- ✦ երեխայի զարգացման փուլերին,
- ✦ արդյունավետ հաղորդակցման հմտություններին,
- ✦ վարքի կառավարման դրական մեթոդներին,
- ✦ հուզական աջակցության կարևորությանը,
- ✦ կրթական հաստատության և ընտանիքի միջև համագործակցության ամրապնդման ուղիներին։
Սեմինարների մասնակիցներին տրամադրվել են գործնական խորհուրդներ, դրական ծնողավարման օրինակներ և առաջարկություններ, որոնք միտված են երեխայի դաստիարակության գործընթացում առավել արդյունավետ մոտեցումների կիրառմանը և ծնողական պատասխանատվության բարձրացմանը։
Սեմինարներն ուղեկցվել են ակտիվ քննարկումներով և ինտերակտիվ վարժանքներով։
Ծնողական համայնքի հետ աշխատանքները շարունակական են և ուղղված կրթության արդյունավետության բարձրացմանը՝ ծնողների գիտելիքների հարստացման, ծնող-դպրոց համագործակցության խթանման միջոցով։
21.04.2026

