2026 թվականի սեպտեմբերի 29-ին Գորիսում անցկացվեց «10 տարվա համակարգված աշխատանք՝ հանուն ներառական և որակյալ կրթության» խորագրով աշխատաժողով՝ նվիրված Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին։
Աշխատաժողովի նպատակն էր ամփոփել ՏՄԱԿ-ի տասնամյա գործունեությունը, ներկայացնելու դժվարությունների հաղթահարման փորձառությունը, ձեռքբերումներն ու ապագային միտված քայլերը։
Միջոցառմանը ներկա էին Գորիսի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), ՀՀ կրթության տեսչական մարմնի, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և կրթության ոլորտի այլ կառույցների ներկայացուցիչներ ու մասնագետներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ և ծնողներ։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, շնորհավորելով Գորիսի ՏՄԱԿ-ի տասնամյա հոբելյանի առթիվ, կարևորեց ՏՄԱԿ-ի դերը ներառական կրթության ներդրման և կայացման գործընթացում՝ ընդգծելով կենտրոնի նշանակությունը հանրային մտածելակերպի փոփոխության և ներառական մշակույթի ձևավորման գործում։
Ողջունելով հյուրերին՝ Գորիսի ՏՄԱԿ-ի տնօրեն Հերմինե Շալունցը ներկայացրեց կենտրոնի գործունեության տասնամյա ճանապարհը՝ անդրադառնալով մասնագիտական թիմի ձևավորման և զարգացման ընթացքին, արձանագրված հաջողություններին ու ձեռքբերումներին, կրթական հաստատությունների և տարբեր կառույցների հետ ձևավորված համագործակցությանը։ Նա կարևորեց հատկապես այն մարդկանց և կառույցների ներդրումը, որոնք իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով նպաստել են ՏՄԱԿ-ի կայացմանն ու զարգացմանը՝ ընդգծելով, որ ձեռքբերումների հիմքում համագործակցված և համակարգված աշխատանքն է։
Աշխատաժողովը շարունակվեց «Կրթության կազմակերպման արդի մարտահրավերներն ուսումնական հաստատություններում ներառականության կոնտեքստում» թեմայով պանելային քննարկման ձևաչափով, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան ներառական կրթության կազմակերպմանն առնչվող մի շարք արդիական հարցերի և հիմնախնդիրների, քննարկեցին դրանց հաղթահարման հնարավոր ուղիներն ու արդյունավետ ռազմավարությունները։
Այնուհետև զեկույցներով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետները՝ կիսվելով իրենց մասնագիտական փորձառությամբ, առաջարկելով ժամանակակից մոտեցումներ ու գործնական արդյունավետ լուծումներ։
«Երբ մատչելի միջավայրը բավարար չէ» թեմայով զեկույցով հանդես եկավ ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։ Անդրադառնալով ներառական կրթության կազմակերպման գործընթացում անհրաժեշտ գործոնների կարևորությանը՝ նա ընդգծեց, որ միայն մատչելի միջավայրի ապահովումը բավարար պայման չէ արդյունավետ և գործունակ աջակցության համար։ Հ․ Ադամյանը մանրամասնեց այդ գործընթացի արդյունավետությունը պայմանավորող հիմնական բաղադրիչները` շեշտելով դրանց համակարգված ներգործության անհրաժեշտությունը ներառական մշակույթի ձևավորման գործընթացում։
ՀՄԿ գնահատման բաժնի ղեկավար Լիանա Մարգարյանը ներկայացրեց «10 տարի երեխայի ճանապարհին․ դեպի ընթերցող և ինքնուրույն երեխա» թեմայով զեկույց՝ անդրադառնալով երեխայի ընթերցանության զարգացմանն ու ինքնուրույնության ձևավորմանն ուղղված ժամանակակից մոտեցումներին և արդյունավետ գործնական մեթոդներին։
Աշխատաժողովն ամփոփվեց հավաստագրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությամբ, որի ընթացքում արժևորվեց նաև Գորիսի ՏՄԱԿ-ի ստեղծման և կայացման գործում գործընկեր կառույցների և մասնագետների ներդրումը։ Շնորհակալագրերի արժանացան ՀՄԿ տնօրենությունը, բաժինների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ ցուցաբերած մասնագիտական աջակցության, նվիրվածության, համագործակցության և հետևողական աշխատանքի, ինչպես նաև աշխատաժողովի կազմակերպման գործում ունեցած ներդրման համար։
Ջերմորեն շնորհավորում ենք Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մեր գործընկերներին հիմնադրման տասնամյակի առթիվ, մաղթում ենք նոր հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ, նոր գաղափարների իրականացում և նույն նվիրումով ու եռանդով շարունակական աշխատանք՝ յուրաքանչյուր երեխայի կրթության և զարգացման իրավունքի ապահովման ճանապարհին։
08.10.2026

