ԲԼՈԳ | ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆ | ՊԱՐԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽԱՂ-ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈւՐԱԽ ԶԲՈՍԱՆՔ

Այս խաղը կարելի է խաղալ ինչպես զբոսանքի ընթացքում, այնպես էլ տանը: Երեխան պետք է ուշադիր լսի հրահանգը, որպեսզի չշփոթի գործողությունը:

Խաղի համար անհրաժեշտ է ազատ և անվտանգ տարածք:

Նպատակ` Տարածական կողմնորոշման զարգացում, սեփական մարմնի գիտակցում, կոորդինացիայի զարգացում, ընդհանուր շարժունակություն, խոսքի զարգացում և բառապաշարի հարստացում, լսողական հմտության բարելավում, լսողական տարբերակում:

Ընթացք՝ Ընտրեք ազատ տարածք տանը կամ այգում զբոսնելիս: Ծանոթացրեք երեխային այդ տարածքին: Եթե անհրաժեշտ է, ցույց տվեք յուրաքանչյուր հրահանգի կատարման ձևը: Օրինակ՝ ցատկ տեղում, ցատկ աջ կամ ձախ, կքանիստ, ցատկ առաջ կամ ետ: Ընթացքում կարող եք արագացնել հրահանգները, մինչև որ խաղն ավարտվի ծիծաղով: Հետևեք, որ հրահանգները կատարվեն ճիշտ:

Այլ տարբերակներ՝

• Հրահանգների ընթացքում կարելի է նշել գործողությունների քանակը, օրինակ՝ 3 կքանիստ, 2 ցատկ դեպի աջ կամ դեպի ձախ, 2 ցատկ առաջ։

• Հրահանգները կարող են հաջորդել իրար: Օրինակ՝ 1 ցատկ տեղում և 2 ցատկ դեպի առաջ: Երեխան պետք է ուշադիր լինի, որպեսզի հիշի և չշփոթի: Կարելի է դերերը փոխել․ երեխան կարող է հնչեցնել հրահանգները, իսկ մեծահասակը՝ կատարել դրանք: Հրահանգները կատարելիս կարելի է միտումնավոր շփոթվել՝ ստուգելու համար, թե ինչքանով է երեխան ուշադիր և հիշու՞մ է, թե ինչ հրահանգ է տվել:

ՊԱՐ ՇԱՐՖԵՐՈՎ

Զարմանալի է, թե ինպես սովորական և թեթև շարֆը կարող է բացահայտել և զարգացնել երեխայի ստեղծագործական ունակությունները:

Նպատակ`
Կոորդինացիայի զարգացում, ստեղծագործական միտք և պատկերացում, հույզերի արտահայտում, ընդհանուր մոտորիկա, տարածական մտածողություն:

Անհրաժեշտ պարագաներ`
2 երկար թեթև շարֆ՝ նվազագույնը երեխայի հասակին հավասար, փայտիկներ (կարող եք օգտագործել չինական խոհանոցային փայտիկները), երաժշտություն:

Խաղն անցկացնելու համար անհրաժեշտ է ազատ և անվտանգ տարածք:

Ընթացք՝
Շարֆերը ամրացրեք փայտիկների ծայրին: Միացրեք երաժշտություն, թող երեխան վերցնի յուրաքանչյուր ձեռքում 1 փայտիկ և թափահարի շարֆերով: Երբ հաջողվի ձեռքերը երաժշտությանը համապատասխան շարժել, առաջարկեք պարել այնպես, որ շարֆերն ավելի լավ շարժվեն: Թող երեխան ընտրի երաժշտությունը իր շարֆերի պարի համար:

Այլ տարբերակ` 1 փայտիկը վերցրեք ինքներդ, մյուսը տվեք երեխային: Փորձեք պարել միասին, եթե կցանկանաք՝ հերթով նմանակելով միմյանց: Օգտագործեք տարբեր տեմպի երաժշտություն և հետևեք, որ երեխան կարողանա ճիշտ համադրել շարժումները և երաժշտությունը:

ՄՐՑՈՒՅԹ ՓՈՒՉԻԿՆԵՐՈՎ

Փուչիկներով կարելի է կազմակերպել տարբեր խաղեր, որոնք դուր կգան երեխային։

Նպատակ`
Պատճառահետևանքային կապի գիտակցում, կոգնիտիվ հմտությունների զարգացում, հույզերի արտահայտում, խոշոր և մանր մոտորիկայի զարգացում, սոցիալական համագործակցություն, տարածական կողմնորոշում:

Անհրաժեշտ պարագաներ` Ոչ շատ ձիգ փչած փուչիկներ, պլաստիկե ափսե:

Ընթացք՝
Երեխային առաջարկվում է ընտրել նախընտրած գույնի փուչիկ։ Դրեք փուչիկը հատակին, սենյակի մի ծայրում։ Ընտրեք այնպիսի տարածք, որ ճանապարհին չլինեն խոչընդոտներ։ Չորեքթաթ դիրքով, փչելով փուչիկի վրա, պետք է այն հասցնել սենյակի մյուս ծայրը։ Փչելու ուժգնությունը պետք է լինի այնպիսին, որ փուչիկը տեղաշարժվի հատակի վրայով։ Այս խաղի կանոնները կարելի է փոխել։ Օրինակ՝ փուչիկը հրել գլխով, ծնկներով, արմունկներով, ոտնաթաթով և այլն (պահպանելով կանոնը՝ փուչիկը պետք է տեղաշարժվի հատակի վրայով)։

Այլ տարբերակ` Փուչիկը դնելով պլաստիկե ափսեի վրա՝ պետք է անցնել նախօրոք որոշված հեռավորությունն այնպես, որ փուչիկը չընկնի։ Խաղը կարելի է անցկացնել անհատական և խմբային ձևով։ Նախապես որոշել հնարավորությունների քանակը, օրինակ՝ յուրաքանչյուրը կարող է անցնել հեռավորությունը 5 անգամ, ով առանց գցելու ավելի շատ փուչիկ հասցնի նշված տեղը, նա էլ կհաղթի։

ԿՈՇԻԿԻ ԽԱՆՈՒԹ

Հեշտ է քայլել, երբ կոշիկը համապատասխանում է ոտքի չափսին, բայց երեխաները սիրում են փորձել մեծ չափսի կոշիկներ։ Այդ պատճառով էլ երեխաներին դուր կգա այս ուրախ խաղը։ Առաջարկում ենք երեխային պատկերացնել, որ գնում ենք խանութ կոշիկներ գնելու։

Նպատակ`
կոգնիտիվ հմտությունների զարգացում, ընդհանուր շարժողականության զարգացում, մարմնի կոորդինացիայի զարգացում, ինքնագիտակցման զարգացում, տարածական կողմնորոշում:

Անհրաժեշտ պարագաներ`
տարբեր չափսի և ձևի կոշիկներ՝ սպորտային, տնային, ծովափնյա, սանդալներ, կրունկներով և այլն։

Ընթացք՝
պահարանից հանել տարբեր տիպի և չափի կոշիկներ, շարել մեկ գծով, որպեսզի երեխան ընտրություն կատարի։ Երեխան կարող է ընտրել մեկ զույգ։ Առաջարկել նրան քայլել այդ կոշիկներով։ Հանձնարարել կատարել գործողություններ, որոնք պետք է իրականացնի՝ չհանելով կոշիկները։ Օրինակ՝ անցնել բարձի վրայով, մտնել սեղանի տակ, անցնել ճանապարհը՝ շրջանցելով խոչընդոտները։ Պարտադիր պայման է՝ այնպես քայլել, որ կոշիկները դուրս չգան ոտքերից։ Այսպես կարելի է փորձել նաև մյուս տեսակի կոշիկներով։

Այլ տարբերակներ`

  • Խառնել կոշիկների զույգերը և առաջարկել հագնել տարբեր զույգերով։
  • Այս խաղը կարելի է անցկացնել երաժշտության ուղեկցությամբ՝ ընտրելով տարբեր տեմպի երաժշտություն։ Երեխան պետք է քայլի երաժշտության տեմպին համապատասխան՝ արագ կամ դանդաղ։

Ցուցումներ
Տարածքը պետք է լինի անվտանգ:
Երեխային տալ միայն այնպիսի հանձնարարություն, որը նրա համար հաղթահարելի կլինի այդ կոշիկներով։

ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ՔԱՐԵՐԻ ՎՐԱՅՈՎ

Քայլել «քարքարոտ ճանապարհով» և չշփոթվել: Այս խաղը շատ զվարճալի է նույնիսկ այն դեպքում, երբ «քարերն» իրականում թղթե ափսեներ են։

Նպատակ`
սեփական մարմնի գիտակցում, կոգնիտիվ հմտությունների զարգացում, ընդհանուր շարժունակության զարգացում, թվերի ճանաչում և հաշվելու հմտություն, լսողական ընկալման, ուշադրության զարգացում:

Ընթացք՝
Համարակալել թղթե ափսեները, շարել հերթականությամբ ճանապարհի տեսքով։ Ափսեների միջև հեռավորությունը պետք է լինի երեխայի քայլի լայնքին համապատասխան։ Ճանապարհը կարող է լինել շրջանցումներով, օղակաձև, խոչընդոտներով (աթոռակ, բարձ և այլ իրեր, որոնք երեխան կկարողանա մեկ քայլով հաղթահարել), որպեսզի երթուղին ստացվի հետաքրքիր։ Առաջարկել երեխային անցնել ափսեների վրայով՝ թվերի հերթականությամբ։ Կառուցել նոր ճանապարհ ուրիշ երթուղիով։

Այլ տարբերակներ`

  • Երեխան կարող է հավաքել ափսեները՝ անցնելով ճանապարհը (հաշվելով ափսեները)։
  • Խաղավարն ասում է թիվը, երեխան պետք է կանգնի այդ թվին համապատասխան ափսեի վրա։
  • Կարող են ափսեները լինել գունավոր, թվերը կրկնվեն տարբեր գույնի ափսեների վրա։ Այս դեպքում երեխան պետք է ճիշտ կանգնի՝ հաշվի առնելով և´ թիվը, և´ գույնը։ Եթե ափսեները սպիտակ են, թվերը նկարում ենք տարբեր գույնի մատիտներով կամ ֆլոմաստերներով։

ՀԵՏԵՎԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

Նպատակ` Սեփական մարմնի գիտակցում, կոգնիտիվ հմտությունների զարգացում, ընդհանուր շարժունակության զարգացում, սեփական մարմնի գիտակցումը տարածության մեջ:

Ընթացք՝ Որոշվում է, թե ով է առաջինը լինելու «առաջնորդը»։ Պարային խաղն անցկացվում է երաժշտության ուղեկցությամբ՝ շարժումներում ստեղծագործականություն խթանելու համար։ «Առաջնորդը» շարժվում է, պարում այնպես, ինչպես ուզում է, իսկ մյուս մասնակիցը կրկնում է շարժումները։ «Առաջնորդի» դերը փոխանցվում է մյուս մասնակցին՝ հստակ սահմանված ժամանակահատվածներով։ Ցանկալի է նվագարկել տարբեր ոճի և ռիթմի երաժշտական ստեղծագործություններ։

Անհրաժեշտ է ազատ և անվտանգ տարածություն, և կարևոր է ուշադիր հետևել երեխային, որպեսզի նա չփորձի կատարել վտանգավոր շարժումներ։

ԲՌՆԻ´Ր ԵՎ ԱՆՎԱՆԻ´Ր

Նպատակ` կոգնիտիվ հմտությունների զարգացում, աչք-ձեռք կոորդինացիայի զարգացում, մանր և ընդհանուր մոտորիկայի շարժունակության զարգացում, խոսքի և բառապաշարի հարստացում, շփման և հաղորդակցման զարգացում։

Խաղի համար անհրաժեշտ է` միջին չափսի գնդակ

Ընթացք՝ Խաղի համար ընտրեք այն չափսի գնդակ, որը երեխային հեշտ կլինի բռնել։ Կանգնեք կամ նստեք հատակին՝ երեխայի դեմ դիմաց (կախված այն բանից, թե որտեղ է անցկացվում խաղը): Սկսեք գնդակը փոխանցել միմյանց՝ գլորելով կամ գցելով։ Մինչև գցելը կամ գլորելը պայմանավորվում եք անվանել որոշված թեմայից բառեր (կենդանիներ, խաղալիքներ, գույներ, թվեր, հագուստ, մրգեր և այլն): Եթե գնդակը չեն բռնում կամ գլորվում է այլ ուղղությամբ, փոխվում է թեման։ Այս խաղը կարելի է կիրառել անհատական և խմբային պարապմունքների ընթացքում, փակ և բաց տարածքներում (խաղասենյակում, բակում, խաղահրապարակում, այգում և այլն):

ՄՏԱՊԱՀԻՐ ՇԱՐԺՈՒՄԸ

Նպատակ` սեփական մարմնի գիտակցում, կոգնիտիվ հմտությունների զարգացում, ստեղծագործական պատկերացման զարգացում, հույզերի արտահայտում, ընդհանուր և մանր մոտորիկայի շարժունակության զարգացում։
Խաղի համար անհրաժեշտ է` ընդարձակ, ազատ տարածություն:

Ընթացք՝ Կանգնեք կենտրոնում երեխային դեմ դիմաց։ Սկսեք մարմնի որևէ մասի մեկ շարժումից։

Օրինակ՝ բարձրացրեք ձեռքը։ Երեխան պետք է կրկնի այդ շարժումը։ Ավելացնում եք առաջին շարժմանը երկրորդը, երեխան պետք է կրկնի այս 2 շարժումները նույն հերթականությամբ։ Շարունակում եք ավելացնել նոր շարժումներ, մինչև որ երեխան կշփոթի հերթականությունը։ Հաջորդը երեխան է հորինում շարժումներ Ձեզ համար։ Հիշե´ք, միշտ սկսում եք մեկ շարժումից՝ յուրաքանչյուր անգամ ավելացնելով մեկական շարժում, մինչև որ կրկնողը մոռանա հերթականությունը։

Այս ուրախ խաղի ընթացքում երեխան մարզում է մարմինը՝ միաժամանակ մարզելով հիշողությունը:

Այլ տարբերակ` Այս խաղը կարելի է անցկացնել խոսքային հրահանգներով՝ շարժումը նկարագրելով առանց ցույց տալու։ Այս տարբերակով կարելի է սովորեցնել կամ ամրապնդել մարմնի աջ և ձախ կողմերի իմացությունը։

ՉԱՐԱՃՃԻ ՊԻՆԳՎԻՆ

Նպատակ` սովորել կառավարել սեփական շարժումները
Երաժշտություն` համանուն մուլտֆիլմից ♫

Անհրաժեշտ պարագաներ՝ զանգակներով մասիկներ: Աննշան շարժման ժամանակ մասիկները զնգում են: Զանգակներով մասիկները կարող ենք փոխարինել ռեզինե օղակի վրա ամրացրած զանգակներով։

Ընթացք՝ հրահանգ՝ քայլել այնպես, որ զանգակները չզնգան, հետո այնպես, որ զանգակները հնչեն պարզ (քայլ), շեշտադրված (թռիչքներ), անդադար զնգոցով (վազք):

Այս վարժությունը կարելի է կատարել ինչպես երաժշտության, թմբուկի կամ այլ հարվածային գործիքների ուղեկցությամբ, այնպես էլ առանց երաժշտության, որպեսզի զանգակների ձայների ներքո երեխաները ավելի լավ հետևեն և կառավարեն իրենց շարժումները՝ ստեղծելով ռիթմիկ երաժշտություն:

ԺԱՊԱՎԵՆՆԵՐՈՎ ՊԱՐ

Նպատակ` սովորեցնել արտահայտել սեփական հույզերը, ցուցաբերել անհատականություն:

Երաժշտություն՝ «Չունգա-չանգա» (Վ. Շաինսկի) ♫
Անհարժեշտ պարագաներ՝ բազմագույն ժապավեններ 30 սմ երկարությամբ:

Ընթացք՝ մասնակիցները երաժշտության ներքո թռչկոտում են և գունավոր ժապավենները գցում վերև կամ միմյանց վրա: Գունավոր ժապավենները նպաստում են հույզերն ավելի ուրախ և արտահայտիչ դարձնելուն:

Վարժությունը կարելի է կրկնել մի քանի անգամ:

ԿԵՆԴԱՆԻ ԿՈՇԻԿՆԵՐ

Նպատակ՝ սովորեցնել կառավարել սեփական հույզերը

Ընթացք՝ մասնակիցներին հանձնարարվում է պատկերել՝ ինչպես են քայլում տխուր, ուրախ, մտազբաղ, շտապող, հոգնած, ուժեղ մարդու կոշիկները: Մասնագետը հերթով խրախուսում է մասնակիցներին:

Վարժությունը կարելի է կրկնել մի քանի անգամ:

Skip to content