ԲԼՈԳ | ԱԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ | ԽԱՂ-ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՑՈՒՅՑ ՏՈՒՐ՝ ԻՆՉ ԵՍ ԶԳՈՒՄ

Տարիք՝ 3-6 տարեկան

Նպատակ` Սեփական մարմնի ճանաչողություն, կոգնիտիվ/իմացական/ մտածողության զարգացում, հույզերի արտահայտում, ընդհանուր շարժունակության զարգացում, սոցիալական փոխհարաբերություն:

Երբեմն երեխաները դժվարանում են արտահայտել իրենց զգացմունքները։ Այս խաղը օգնում է երեխաներին ավելի լավ ճանաչել իրենց զգացմունքները և զգացածին համապատասխան արտահայտել դրանք։

Անհրաժեշտ նյութեր` պատկերներ կամ նկարներ ամսագրերից, գրքերից, ալբոմներից, որտեղ պատկերված են մարդկային հույզեր, էմոցիաներ՝ լացելու, ծիծաղելու, վախի, զայրույթի և այլն, ինչպես նաև մկրատ։

Գործողության ընթացք`

Մարդկանց այս կամ այն զգացմունքներն արտահայտող պատկերները կտրել, երեխայի հետ քննարկել, թե ինչ են զգում պատկերված մարդիկ և ինչպես են արտահայտում իրենց զգացմունքները։ Դասավորել նկարները հակառակ ուղղությամբ շրջված, փակել աչքերը, երբ երեխան պետք է շրջի առաջին նկարը։ Խնդրել երեխային՝ ցույց տալ նկարում պատկերված էմոցիան առանց խոսքի։ Պետք է կռահել, թե ինչ հույզ է ցույց տալիս երեխան։ Ճիշտ կռահելուց հետո դերերով փոխվել։ Շարունակել հերթականությամբ շրջել նկարները՝ ցուցադրելով էմոցիաները։

Անհրաժեշտ է օգտագործել երեխայի համար անվտանգ առարկաներ։ Որպեսզի երեխան հեշտությամբ նկարի, ընտրեք մեծ կավիճներ։

Խաղի այլ տարբերակները՝ Փորձել արտահայտել հույզերը միայն ժեստերի միջոցով։

Զգուշացում։ Ընտրել հույզերը երեխայի տարիքային զարգացմանը համապատասխան։

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՆԿԱՐ

Տարիք՝ 3-5 տարեկան

Նպատակ` մանր մոտորիկայի, երևակայության, խոսքի զարգացում և բառապաշարի հարստացում, հույզերի արտահայտում, կոգնիտիվ մտածողության հմտությունների զարգացում:

Անհրաժեշտ նյութեր` սպիտակ թուղթ, թղթե ծրար, կավիճ, ռելիեֆային մակերես ունեցող առարկաներ, որոնք կարող են արտացոլվել թղթի վրա ներկելու դեպքում (օրինակ՝ տերև, մանրադրամ, բարակ ուլունքներ, փորագրություն ունեցող առարկաներ):

Գործողության ընթացք`

  • Հավաքել այն առարկաները, որոնք երեխան պետք է ներկի, տեղավորել թղթե ծրարի մեջ այնպես, որ երեխան դրանք չկարողանա տեսնել։
  • Նստեք սեղանի մոտ՝ վերցնելով ծրարը, մի քանի հատ սպիտակ թուղթ և կավիճ։
  • Խնդրեք երեխային փակել աչքերը, մինչ դուք կտեղադրեք առարկաներից որևէ մեկը առաջին թղթի տակ։
  • Առաջարկեք երեխային վերցնել կավիճը ու դրանով շփել թուղթը, մինչև ի հայտ կգա կախարդական նկարը։
  • Թող երեխան կռահի, թե ինչ պատկեր է ստացվել, և հետո հեռացրեք թուղթը, որպեսզի ստուգեք՝ արդյոք ճիշտ է նա կռահել։
  • Նույն գործողությունը կրկնեք մյուս առարկաներով։

Անհրաժեշտ է օգտագործել երեխայի համար անվտանգ առարկաներ։ Որպեսզի երեխան հեշտությամբ նկարի, ընտրեք մեծ կավիճներ։

ԳՈՒՇԱԿԻՐ, ԹԵ ՈՎ Է ․․․

Տարիք՝ կրտսեր դպրոցական

Նպատակ` հիշողության, ուշադրության զարգացում

Ընթացք` ընտրվում է վարող, ով ըստ հրահանգի դուրս է գալիս սենյակից մի քանի վայրկյանով, մյուսները պետք է ընտրեն ներկա գտնվողներից մեկին։ Երբ դրսում գտնվող մասնակիցը ներս է գալիս, պետք է գուշակի՝ ում է ընտրել խումբը։ Անհայտ մասնակցին գտնելու համար վարողը հնարավորություն ունի խմբին տալ ընդամենը հինգ հարց։ Հարցերը կարող են լինել անհայտ մասնակցի արտաքինի կամ անձի վերաբերյալ։ Օրինակ՝ ի՞նչ գույնի աչքեր նա ունի, ո՞ր սեռին է պատկանում և այլն։ Խմբի մասնակիցները պետք է ճիշտ պատասխաններ տան։ Եթե անհայտ մասնակիցը բացահայտվում է, ապա նա է դառնում խաղը վարողը, եթե ոչ՝ ապա վարողը մնում է նույն մասնակիցը, իսկ «անհայտ մասնակիցը» փոխվում է։

ՄԻԱՎՈՐԻՐ ԸՍՏ ԻՄԱՍՏԻ

Տարիք՝ կրտսեր դպրոցական

Նպատակ` հիշողության, մտածողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր` բառերի շարք, որոնք կարելի է դասակարգել տարբեր խմբերում, գրիչ և թուղթ

Ընթացք` խաղավարը մասնակիցներին առաջարկում է մտապահել բառերի երկար շարք և նշում է, որ նրանք ավելի հեշտությամբ կարող են հիշել բառերը, եթե լսելու ընթացքում դրանք մտովի դասակարգեն՝ տրանսպորտ, բանջարեղեն, հագուստ։ Այնուհետև երեխաները լսում են բառերը և գրի են առնում սյունակներով՝ միավորելով ըստ իմաստի։

Ցուցումներ խաղավարին՝ եթե մասնակիցները հեշտությամբ են կատարում առաջադրանքը, ապա այն կարելի է աստիճանաբար բարդացնել։

Բառերի շարք՝ մեքենա, կարտոֆիլ, վարունգ, ավտոբուս, պոմիդոր, կոշիկ, սոխ, գուլպա, գնացք, շապիկ։

ՆԿԱՐԱԾ ԴԵՄՔ

Տարիք՝ 3-6 տարեկան

Նպատակ` զարգացնել ինքնաճանաչումը, ինքնարտահայտումը, երևակայությունը և մանր մոտորիկան

Անհրաժեշտ նյութեր` բառերի շարք, որոնք կարելի է դասակարգել տարբեր խմբերում, գրիչ և թուղթ

Ընթացք.

Տարբերակ 1։ Դասավորեք գունավոր մատիտները կամ գունաներկերը գետնին կամ սեղանի վրա, մոտ դրեք հայելին, որպեսզի երեխան կարողանա տեսնել, թե ինչ է անում։ Առաջարկեք երեխային իր երևակայության միջոցով ներկել դեմքը, այնուհետև հորինել պատմվածք տվյալ անձնավորության վերաբերյալ, ում նա վերածվել է։ Ցանկության դեպքում՝ երեխան կարող է ներկայացում կամ դերախաղ ցույց տալ։

Տարբերակ 2։ Ինքներդ ներկեք երեխայի դեմքը՝ ընթացքում չթողնելով, որպեսզի նա նայի հայելու մեջ։ Ներկելուց հետո թույլ տվեք երեխային նայել հայելու մեջ և հարցրեք, թե ինչո՞վ է տարբերվում իր կողմից ներկված դեմքը ձեր ներկվածից։

Զգուշացում։ Օգտագործեք միայն ոչ թունավոր ներկեր, որոնք նախատեսված են երեխաների համար և հեշտությամբ մաքրվում են։

ԱՌՅՈՒԾ ԱՐՔԱՆ

Տարիք՝ 5-10 տարեկան

Նպատակ՝ վախերի հաղթահարում

Ընթացք՝ Յուրաքանչյուր երեխա ընտրում է իր համար որևէ կենդանու կերպար (արջ, նապաստակ և այլն)։ Խմբավարը հանդես է գալիս Առյուծ արքայի դերում։

Խմբավարը ներկայացնում է այլաբանություն՝ կապված «վախ» հույզի հետ․ «Մի անտառում ապրում էին․․․(թվարկել ընտրված կենդանիների անունները)։ Բոլոր կենդանիներն էլ ունեին ինչ-որ վախեր, որոնք իրենց շատ-շատ անհանգստացնում էին։ Մի օր բոլոր կենդանիները հավաքվեցին և որոշեցին գնալ Առյուծ արքայի մոտ ու խորհուրդ հարցնել, թե ինչ անեն, որ իրենց վախերն անցնեն։ Նրանք գնացին Առյուծ արքայի մոտ, մեկ-մեկ մոտեցան առյուծին և պատմեցին իրենց վախերի մասին։ Առյուծ արքան յուրաքանչյուրի ականջին ինչ-որ բան շշնջաց»։

Հեքիաթը կարդալուց հետո այն խաղարկել։

Երեխաները հերթով մոտենում են «Առյուծ արքային» և պատմում իրենց վախի մասին։ «Առյուծ արքան» ուշադիր լսում է յուրաքանչյուրին և խորհուրդներ է տալիս։ Վերջում կազմակերպվում է քննարկում։

Քննարկումն ուղղորդող հարցեր.

  • Ի՞նչ ասաց Առյուծ արքան:
  • Կհետևե՞ն, արդյոք, կենդանիները նրա խորհրդին:
  • Ինպե՞ս են կենդանիներն զգում իրենց հիմա։

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀՈՒՅԶԵՐՆ ԱՆՁՐԵՎԻ ԿԱԹԻԼՆԵՐԻ ՊԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Տարիք՝ 6 տարեկանից բարձր

Նպատակ՝ սեփական հույզերի կառավարում

Ընթացք՝ Հոգեբանը երեխայի հետ նկարում է անձրևանոց և անձրևի խոշոր կաթիլներ՝ ինչպես պատկերված է նկարում, որից հետո առաջարկում է անկյունում գրել այն բացասական հույզերը, որ ունեցել է և խոսում է դրանց մասին, ապա՝ յուրաքանչյուրին գույն է տալիս։ Այնուհետև, ըստ այդ գույների ներկում է անձրևի կաթիլները։

ՈՐՏԵՂ ԻՆՉ ԵՄ ԶԳՈՒՄ

Տարիք՝ 6 տարեկանից բարձր

Նպատակ՝ սեփական հույզերի կառավարում

Ընթացք՝ Հոգեբանը երեխային առաջարկում է գունավորել աղյուսակը, որտեղ գրված են «տխրություն», «ուրախություն», «վախ», «բարկություն», «սեր»՝ յուրաքանչյուր բառին որևէ գույն տալով։ Այնուհետև մարդուկին պետք է ներկել ըստ այդ հույզերի: Կարելի է ոչ միայն ներկել, այլև՝ հույզին ինչ-որ տեսք տալ։ Ընթացքում հոգեբանը կարող է երեխային հարցնել՝ արդյո՞ք հույզը ցավ է պատճառում մարդուկին, թե՞ այն դուր է գալիս նրան, ե՞րբ է մարդուկն ունեցել այդ հույզը և այլն։

ԽԱՂ «ԱՆՁՐԵՎ»

Տարիք՝ կրտսեր դպրոցական

Նպատակ՝ սեփական հուզական վիճակի գիտակցում և արտահայտում, ծանոթացում «ուրախություն» հույզի հետ, խմբով աշխատելու ունակության զարգացում։

Ընթացք՝ Խաղավարն առաջարկում է երեխաներին շրջան կազմել, կանգնում է շրջանի ներսում և ասում․ «Այժմ մենք որոշ շարժումների օգնությամբ պետք է ներկայացնենք «հորդառատ անձրև։ Դրա համար ձեզանից յուրաքանչյուրը պետք է կրկնի այն շարժումը, որը ես կցուցադրեմ։ Կարևոր պայման է, որպեսզի ոչ ոք չսկսի շարժումները կատարել այնքան ժամանակ, քանի դեռ չեմ կանգնել իր դիմաց և ցուցադրել այն շարժումը, որը պետք է կատարի»։

«Հորդառատ անձրև» ներկայացնելու համար անհրաժեշտ է ճիշտ հերթականությամբ կատարել հետևյալ շարժումները․

  • մատներով ճտտացնել, որ նմանվի անձրևի կաթկթոցի ձայնին,
  • ձեռքերի ափերը շփել միմյանց,
  • ձեռքերով հարվածել ազդրերին,
  • ձեռքերով հարվածել ազդրերին և ոտքերով դոփել հատակին։

Արդյունքում ստացվում է «հորդառատ անձրև», այնուհետև՝ վերոնշյալ հրահանգները կատարում ենք հետընթաց հերթականությամբ, որպեսզի «անձրևը» դադարի։

Skip to content