Առաջադեմ կրթական համակարգը բանալին է հզոր երկրի դռները բացելու: Eduarmenia2022-ն արդեն պատմություն է` նոր պատմության կարևոր էջերից մեկը:
Հուլիսի 4-ին Eduarmenia2022 համահայկական գիտակրթական աշխատաժողովի փակման հանդիսավոր արարողությունն էր «Լուսէ» կենտրոնում: Կազմակերպչական աշխատանքներից մինչև աշխատաժողովի ավարտը, որի կարևոր մասնակիցն ու կատարողներից էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը, ամեն ինչն անցավ արհեստավարժ, հագեցած, արդյունավետ, ջերմ ու հետաքրքիր, բայցև՝ գերլարված աշխատանքային մթնոլորտում: Այդ ամենը մի խումբ սրտացավ ու գաղափարակից մարդկանց կամքի, նվիրվածության, տքնաջան աշխատանքի արդյունքն էր: Աշխատում էին Կանադայից, Արցախից, ՀՀ մարզերից, Չինաստանից ու ԱՄՆ-ից, տարբեր ժամային գոտիներով, գիշեր-ցերեկ…. «Ու արդյունքը շատ տպավորիչ է, որի համար մեծ շնորհակալություն կազմակերպող թիմին, կամավորներին ու գործընկերներին», -ասաց Eduarmenia համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը։
Գիտաժողովի չորս օրերի ընթացքում ելույթ ունեցան բազմաթիվ խոսնակներ: Գիտակրթական աշխատաժողովի փակման արարողությունից առաջ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը վարեց պանելային քննարկումներ՝ «Փաստարկված կրթական քաղաքականությունը Հայաստանում․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով:
Ամփոփիչ խոսքով հանդես եկան ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը, «EduArmenia» համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, «ԿԶՆԱԿ» Հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, «Վիզուալ Հայաստան» Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնից Մարիա Գալստյանը, կրթության փորձագետ/սոցիալական ձեռներեց Կարեն Սարգսյանը:
Ստորագրվեցին համագործակցության հուշագրեր տարբեր շահագրգիռ կազմակերպությունների միջև:
Նկարները՝ Լևոն Մադաթյանի