Այս ձեռնարկը մշակվել է ՆՈՒՀ-երում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության համակարգված մոտեցումները խթանելու նպատակով։ Այն օգտակար և գործնական ռեսուրս է ՆՈՒՀ-երում աշխատող մանկավարժական անձնակազմի՝ դաստիարակների, հոգեբանների, հատուկ մանկավարժների համար՝ երեխաների հոգեկան առողջության ու անվտանգության, նրանց բարեկեցությունն ամրապնդելու, զարգացման նպաստավոր պայմաններ ստեղծելու և կայուն դրական փոփոխություններ իրականացնելու՝ հոգեսոցիալական տոկունության ձևավորման գործընթացում։
Ձեռնարկը բաղկացած է երեք հիմնական մասից՝ տեղեկատվական բաժին մանկավարժական աշխատողների համար, հոգեկան առողջության և տոկունության զարգացման ծրագրային հանդիպումներ երեխաների համար, խմբային և անհատական միջամտության տեխնիկաներ տրավմատիկ փորձառություն ունեցող երեխաների հետ աշխատանքի համար։
Ձեռնարկում ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն երեխայի հոգեկան առողջությանը և հոգեսոցիալական տոկունության զարգացմանը նպաստող կարևոր ունակությունների վերաբերյալ։ Այն կօգնի մասնագետներին ավելի լավ պատկերացնել երեխայի կարիքները և առավել արդյունավետ կիրառել ձեռնարկում ներկայացված մեթոդներն ու մոտեցումները՝ նպաստելով նրա հոգեսոցիալական կայունության զարգացմանը, հուզական ինքնակարգավորման, հաղորդակցման հմտությունների, ինքնարտահայտման և ինքնավստահության ձևավորմանը։
