Հատուկ մանկավարժական պարապմունքների բովանդակություն
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հատուկ մանկավարժը իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետազոտում, գնահատում է նրանց զարգացման ընթացքում ի հայտ եկած մտավոր և ֆիզիկական խնդիրների բնույթը և դրանց արտահայտման աստիճանը, բացահայտում է աշակերտների ուժեղ և թույլ կողմերը:
Նախքան պարապմունքների բուն ընթացքին անցնելը հարկ է հավաքագրել երեխայի մասին ընդհանուր, սոցիալական և զարգացման տվյալներ, որից հետո անհրաժեշտ է իրականացնել երեխայի դիտարկում: Ընդնահուր տվյալների ամփոփումից հետո, երբ արդեն պարզ են երեխայի անձնային զարգացման առանձնհատկությունները, կազմվում է պարապմունքի նպատակը, սահմանվում են գործողությունները, ընթացքը, ժամանակը:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ անցկացնում է անհատական և խմբային պարապմունքներ:
Իրականացնում է դպրոցի ուսուցիչների և ծնողների համար հատուկ մանկավարժական խորհրդատվություն` օգնելով մանկավարժներին կազմել հանձնարարականներ սովորողների հետ տարվող աշխատանքներում հատուկ հնարների կիրառման ուղղությամբ:
Պարապմունքի կառուցվածքը- ✦ Կոնտակտի հաստատում – ենթադրում է մեկ կամ երկու պարապմունք տրամադրել երեխայի հետ կոնտակտի հաստատմանը:
- ✦ Զարգացնող աշխատանքներ – պարապմունքի այս հատվածում շեշտը դրվում է այն գործընթացների զարգացման աշխատանքների վրա, որոնք երեխայի մոտ առավել են տուժած:
- ✦ Պարապմունքի ամփոփում – ամփոփվում է ուսուցանված նյութը, անհրաժեշտության դեպքում կարելի է նաև ծնողին տալ փոքրիկ հանձնարարություններ:
- ՍՈՒՐԴՈՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
- ՏԻՖԼՈՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
- ԼՈԳՈՊԵԴ
- ՕԼԻԳՈՖՐԵՆՈՄԱՆԿԱՎԱՐԺ
Սուրդոմանկավարժությունը գիտություն է լսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Սուրդոմանկավարժությունը մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ: Լսողութըան խանգարման վաղ հայտնաբերումը և ախտորոշումը կարևոր պայման է ընտանիքում ժամանակին մանկավարժական օգնությունը կազմակերպելու համար: Մանկան և վաղ ն/դ տարիքում կազմակերպված աշխատանքները երեխայի զարգացման հզոր միջոց է, քանի որ ծառայում է առարկայական գործունեության, ձևավորմանը, իսկ ավելի ուշ խաղային գործունեության զարգացմանը: Մանկավարժական օգնության հաջողությունը կախված է այն սկսելու ժամանակից, անցկացվող աշխատանքների բովանդակությունից, կիրառվող մեթոդներից և միջոցներից: Վաղ տարիքի խուլ և թույլ լսող երեխաների վերականգնողական աշխատանքներն իրենցից ներկայացնում են բժշկահոգեբանամանկավարժական ամբողջական համակարգ.
- Լսողության խանգարման վաղ հայտնաբերում.
- Ակուստիկ փոխհատուցում «լսողապրոթեզավորում».
- Սուրդոմանկավարժական աշխատանքների անցկացում:
Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով ունեցող անձանց կրթության և դաստիարակության վերաբերյալ: Տիֆլոմանկավարժությունը ընդհանուր մանկավարժության ճյուղ է, հատուկ մանկավարժության բաժիններից մեկը: Այդ իսկ պատճառով Տիֆլոմանկավարժության աշխատանքի հիմնական ուղղություններն են`
- ✦ Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը,
- ✦ մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները,
- ✦ տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները,
- ✦ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը (լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը):
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում առկա մանկավարժահոգեբանական աջակցություններին զուգահեռ իրենց ուրույն տեղն են գրավում իրագործվող լոգոպեդական աշխատանքները: Լոգոպեդիան գիտություն է խոսքային խանգարումների, կանխարգելման, բացահայտման և դրանց շտկման մասին: Լոգոպեդական աշխատանքներն ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին և տարբեր պատճառներով խոսքային խանգարումներ ձեռք բերած անձանց: Միայն լոգոպեդական միջամտության և համապատասխան հատուկ մասնագետների աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել խոսքի խանգարման շտկման առավելագույն արդյունքի: Բանավոր խոսքի խանգարումը իր բացասական հետքն է թողնում թեˊ դպրոցում ուսումնական ծրագրերի յուրացման, և թեˊ անձի ձևավորման գործընթացի վրա: Կենտրոնում լոգոպեդը իր աշխատանքային գործունեության շրջանակներում իրականացնում է արտաբերական վարժություններ, զարգացնում է երեխայի ճանաչողական գործընթացը, հարստացնում է բառապաշարը, ստեղծում է իրավիճակային պայմաններ հաղորդակցման համար, իրականացնում է աշխատանքներ քերականական նյութի զարգացման ուղղությամբ, որն էլ մասամբ հիմք է հանդիսանում գրավոր խոսքի զարգացման համար: Աշխատանքներ են կատարվում խոսքային շնչառության, ձայնի ճիշտ հնչողության ուղղությամբ, զարգացնում է մանր և խոշոր մոտորիկան, տեսատարածական կողմնորոշումը: Յուրաքանչյուր վարժություն պահանջում է տարբերակված և մշակված մոտեցում: Կենտրոնում իրականացված լոգոպեդական աշխատանքներն ունեն դրական արձագանք և ամրագրել են դրական բազմաթիվ արդյունքներ:
Օլիգոֆրենոմանկավարժությունը զբաղվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով, նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով, աշխատանքներ է իրականացում ուղղված սոցիալիզացմանն ու հարմարեցմանը: Օլիգոֆրենոմանկավարժությունը մարդասիրական գիտություն է և հանդիսանում է հատուկ մանկավարժության մի բնագավառը:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում oլիգոֆրենոմանկավարժը իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետազոտում, գնահատում է նրանց զարգացման ընթացքում ի հայտ եկած մտավոր և ֆիզիկական խնդիրների բնույթը և դրանց արտահայտման աստիճանը, բացահայտում է աշակերտների ուժեղ և թույլ կողմերը:
Նախքան պարապմունքների բուն ընթացքին անցնելը հավաքագրում է երեխայի մասին ընդհանուր, սոցիալական և զարգացման տվյալներ, որից հետո անհրաժեշտ է իրականացնել երեխայի դիտարկում: Ընդնահուր տվյալների ամփոփումից հետո, երբ արդեն պարզ են երեխայի անձնային զարգացման առանձնհատկությունները, կազմվում է պարապմունքի նպատակը, սահմանվում են գործողությունները, ընթացքը, ժամանակը:
Օլիգոֆրենոմանկավարժը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ անցկացնում է անհատական և խմբային պարապմունքներ: Օլիգոֆրենոմանկավարժի գործունեությունը ուղղված է սովորողի գիտելիքների, կարողությունների, հմտությունների և հիշողության զարգացմանը, մտավոր ունակությունների ձևավորմանը, ինչպես նաև զգացմունքների, վարքի և անհատական առանձնահատկությունների ձևավորմանը:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի oլիգոֆրենոմանկավարժը իրականացնում է դպրոցի ուսուցիչների և ծնողների համար հատուկ մանկավարժական խորհրդատվություն` օգնելով մանկավարժներին կազմել հանձնարարականներ սովորողների հետ տարվող աշխատանքներում հատուկ հնարների կիրառման ուղղությամբ: