Հոգեբանական ծառայություն

Հոգեբանի աշխատանքային գործունեություն

ՀՄԿ կենտրոնում հոգեբանը աշխատանքներ է իրականացնում երեխաների և նրանց ծնողների հետ, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև համագործակցող մասնագետների հետ աշխատանքներ է տանում երեխաների հոգեբանամանկավարժական խորացված ուսումնասիրման անհատական և անձնային ներուժային հնարավորությունների բացահայտման գործընթացում։

Հոգեբանը աշխատանքներ է իրականացնում երեխաների հոգեկան առողջության և անձի կայացման ու զարգացման ուղղությամբ։ Բացահայտում և կանխարգելիչ աշխատանքներ է իրականացնում անձի հոգեկան գործընթացների և շեղումների ուղղությամբ։ Խորհրդատվության և վերականգնողական միջոցներով օգնում է երեխայի հոգեկան առողջության հետ կապված խնդիրների շտկման գործընթացում։

Սոցիալ-հոգեբանական բնույթի խնդիրների լուծման նպատակով մտավոր և ֆիզիկական տարբեր կարողություններ ունեցող երեխաների նկատմամբ կիրառվում են համապատասխան հոգեախտորոշիչ մեթոդներ, որոնց արդյունքում առկա խնդրին տրվում է համապատասխան լուծում։

Մանկավարժության և հոգեբանության արդի խնդիրներից է երեխաների հոգեկան, մտավոր, ինչպես նաև` ֆիզիկական զարգացման գործընթացում նոր, ավելի արդյունավետ մեթոդների ներմուծումն ու կիրառումը: Հոգեբաններն ու մանկավարժները փաստում են, որ երեխայի մտավոր և հոգեկան զարգացումը սերտորեն կապված է նրա շարժունակության զարգացման հետ:

Շարժումը բնական միջոց է երեխայի աշխարհընկալման և սեփական «ես»-ի ճանաչման համար: Այդ իսկ պատճառով նրանք սիրում են խաղալ, շարժվել, վազել և ինքնաբուխ պարել: Հետևելով մեծերին, կրկնելով և կատարելագործելով սեփական շարժումները`երեխան սովորում է զգալ, ընկալել և հաստատել կապը շրջակա միջավայրի հետ: Այսօր երեխաների հետ աշխատանքում իր նշանակալի տեղն է զբաղեցնում պարաշարժողական թերապիան: Հաճախ հանդիպում են երեխաներ, որոնց մոտ դիտվում են՝

  • ուշադրության անբավարարություն
  • շարժողական անփութություն
  • ցրվածություն
  • գերլարվածություն
  • ինֆանտիլիզմ
  • խոսքի զարգացման տարբեր խնդիրներ
  • գերակտիվություն
  • հուզական լարվածություն
  • վարքի շեղումներ և այլ խնդիրներ:

Պարաշարժողական թերապիան իր դրական ազդեցությունն է թողնում ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքում։

Պարը և շարժումը համարվում է «մարմնի լեզու», որով կարող են հաղորդակցվել բոլորն` առանց բացառության, այն զգացմունքների արտահայտման, հոգեբանական խնդիրների լուծման, մկանային լարվածության կարգավորման, անձի լիարժեք ձևավորման և զարգացման մատչելի ու արդյունավետ միջոց է:

Պարային թերապիան և պարային խաղերը տալիս են երեխային հնարավորություն՝

  • վերարտադրել սեփական ագրեսիան և վախը
  • խաղարկել սեփական արտաքին և ներքին զգացողությունները, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ սեփական «ես»-ը և իր ներքին աշխարհը
  • միասին վերապրել հուզող իրավիճակներ այլ երեխաների և մեծահասակների հետ
  • զարգացնել ստեղծագործական հմտությունները, փորձարկել սեփական մարմնով և շարժումներով
  • զարգացնել էսթետիկ զգացողությունները և ստանալ զգայական բավարարվածություն և ուրախություն սեփական մարմնի զգացումից:
Skip to content